Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի առողջ են
Ամուր սիրտ ունենալու համար անհրաժեշտ է սիրել սեփական անձը։ Այսպիսի եզրակացության են եկել Նոր Զելանդիայի Քենտերբերի համալսարանի հոգեբան Էնդի Մարտենզն ու իր գործընկերները, որոնց կարծիքով՝ բարձր ինքնագնահատականը մարդուն ստիպում է սպառնալիքի բախվելու դեպքում անվտանգության զգացում ունենալ։
Ժամանակակից հասարակության մեջ սպառնալիքը ասոցացվում է սոցիալական ցնցումների հետ, որոնք կարող են քայքայել նյարդերը։
Գիտնականը որոշել է ուսումնասիրել, թե արդյո՞ք պաշտպանվածության զգացումը առողջության տեսանկյունից առավելություններ ունի։ Թեստերին մասնակցել է 184 մարդ. մի փուլում մասնակիցներին ներկայացվել է իրենց արտաքին տեսքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող արձագանք։
Մեկ այլ փորձի ընթացքում մասնակիցները պետք է երկու շաբաթների ընթացքում ամեն օր ինքնուրույն գնահատեն ինքնագնահատականի մակարդակը, ինչին զուգահեռ ուսումնասիրվել է թափառող նյարդի սրտային տոնուսի ակտիվությունը, որը ցույց է տալիս, թե որքան ուժեղ է ազդում սրտի վրա պարասիմպատիկ նյարդային համակարգը, որի անբավարար ակտիվությունը կարող է հանգեցնել սրտանոթային խնդիրների։
Արդյունքում պարզվել է, որ բարձր ինքնագնահատականը կապված է թափառող նյարդի տոնուսի բարձրացման հետ, ինչն ապացուցում է որ սեփական անձի նկատմամբ լավ վերաբերմունքը ուղղակիորեն դրական է ազդում առողջության վրա։










