Այսօր Տեսողության համաշխարհային օրն է

10:36 • 14.10.10

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհում նշվում է Տեսողության համաշխարհային օրը։ Այս տարի ԱՀԿ-ն մարդկության ուշադրությունը տեսողության խնդիրների վրա է հրավիրում հոկտեմբերի 14-ին։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում թեմայի շրջանակներում տեղի կունենա մի շարք միջոցառումներ։

ԱՀԿ տեղեկատվության համաձայն՝ թեև տեսողության շեղումները հիմնականում տարածված են 50-ից բարձր տարիքի անձանց շրջանում, սակայն աչքերի որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ կատարակտը, կարելի է հեշտությամբ բուժել։

Ամբողջ աշխարհում տարբեր պատճառներով տեսողության հետ կապված խնդիրներ ունի 314 մլն մարդ։ Նրանցից 45 մլն-ը համարվում են կույրեր։ Տեսողության խնդիրներ ունեցողների 85 տոկոսն ապրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Կուրության դեպքերի 39 տոկոսը աչքերի կատարակտ հիվանդության արդյունք է։

ԱՀԿ մասնագետները համոզված են՝ կուրության դեպքերի 80 տոկոսը հնարավոր է կանխարգելել կամ բուժել։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում մինչև 15 տարեկան 1,4 մլն երեխա կույր է։ Այս դեպքերի գերթե 50 տոկոսը հնարավոր էր կանխարգելել, եթե ժամանակին կուրությանը հանգեցնող աչքերի կատարակտը և գլաուկոմա հիվանդությունները կանխարգելվեին և բուժվեին։

Այսօր Տեսողության համաշխարհային օրն է