Իրանում այլևս չեն բացվի հասարակագիտական ֆակուլտետներ
Թեհրանը որոշում է կայացրել արգելել հասարակագիտական ֆակուլտետների բացումը երկրի բոլոր համալսարաններում: Այս մասին Իրանի պետական ռադիոյով հայտարարել է Իրանի կրթության նախարար Էբուլֆազըլ Հասանին:
Իրանի իշխանությունների այդ որոշումը տարածվելու է իրավագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, քաղաքագիտություն, մարդու իրավունքներ և գենդերային խնդիրներ ուսումնասիրող ֆակուլտետների վրա:
Հասանիի խոսքով` այդ գիտությունները հիմնված են արևմտյան դպրոցների տեսությունների վրա, որոնք հակասում են իսլամին: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է նաև, որ հետագա տարիներին կփոխվի այդ ֆակուլտետներում դասավանդող առարկաների բովանդակության 70%-ը։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անցած տարի մտահոգություն էր հայտնել, որ վերոնշյալ գիտություններն այնքան էլ ներդաշնակ չեն իսլամի հետ։
Իրանում ներկայում համալսարան է հաճախում 3,5 միլիոն ուսանող, որոնց 2 միլիոնն ուսումնասիրում է հասարակագիտական առարկաներ:










