Հայաստանում աճում է լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը
«Ինտերնետը մեծ թափով մտնում է մեր առօրյա», - այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը` ներկայացնելով Հայաստանում ինտերնետից օգտվողների վիճակագրությունը:
Արաբաջյանի ներկայացմամբ, 2010թ. հունվարի դրությամբ Հայաստանում լայնաշերտ ինտերնետից օգվում էր 71-72 հազար մարդ, իսկ dial-up ծառայությունից` 47-50 հազար մարդ: Առաջին կիսամյակում լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը հասել է 125 հազարի, իսկ երկրորդ տեսակի ինտերնետից օգտվողների թիվը նվազել է՝ հասնելով 21 հազարի:
Արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերի դրությամբ լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 160 հազարը: Ինչ վերաբերում է օգտագործվող ինտերնետի ծավալին, Արաբաջյանի խոսքով, հոկտեմբերի 1-ի դրությամբ, տրաֆիկն աճել և հասել է 7833 մեգաբիթի:
Անդրադառալով առաջարկվող ինտերնետային ծառայությունների սակագներին, Սամվել Արաբաջյանը նշեց, որ սակագները հարևան Վրաստանից և Ադրբեջանից շատ չեն տարբերվում, իսկ որոշ դեպքերում մեզ մոտ ավելի էժան է: »Որքան ավելանա օգտագործողների թիվը, այնքան ավելի մրցունակ գներ կունենանք»,- հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը:
Ինչ վերաբերում է ինտերնետի շուկայում ընկերությունների մրցակցությանը, Արաբաջյանը համոզված է, որ «բավական լավ և առողջ մրցակցություն» ունենք շուկայում, ինչի վկայությունը գրեթե ամեն օր ընկերությունների կողմից ներկայացվող առաջարկներն ու լուծումներն են:
Մտահոգությանը, թե որոշ ընկերություններ իրենց խոսստացած ինտերնետային արագությունը չեն ապահովում, Սամվել Արաբաջյանը պատասխանեց, թե բոլոր ընկերությունները պարտավոր են կատարել իրենց խոստումները, իսկ եթե կան խախտումներ, ապա գրավոր բողոքի դեպքում իրենք գործին ընթացք կտան:










