Գերմանիան ստեղծում է նոր տեսակի բենզին` hոգալով կլիմայի մասին

09:36 • 27.10.10

Գերմանիայի դաշնային կառավարությունը պատրաստվում է մեծացնել բենզինի բիոհավելումների տոկոսային մակարդակը և այդպիսով բարձրացնել վառելիքի որակը: Գերմանական Deutsche Welle-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել են Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունում: Այսպես՝ 2011թ. հունվարի 1-ից բենզինի մեջ բիոէթանոլի քանակը կկազմի 10%:

Ներկայում Գերմանիայի ավտոլցակայաններում իրացվող վառելիքի բիոհավելումների մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը: Բենզինի նոր տեսակը կկոչվի E10 և կվաճառվի ավտոլցակայաններում` այս վառելիքի արդեն առկա տեսակներին զուգահեռ: «Այսպիսով մենք ցանկանում ենք կրճատել մթնոլորտ արտանետվող CO2-ի ծավալը և պահպանել նավթային պաշարները»,- ասել է Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Նորբերտ Ռետգենը: Ըստ Համագերմանական ավտոմոբիլային ակումբի (ADAC-Allgemeiner Deutscher Automobil-Club e.V.) և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հաշվարկների` նոր վառելիքով կարող են լիցքավորել բենզինային շարժիչով մեքենաների 90%-ը:

Սակայն ավտոմեքենաների հին մոդելների համար գոյություն ունեն բիովառելիքի օգտագործման սահմանափակումներ. դրանց շարժիչներն ուղղակի չեն կարող աշխատել վառելիքի նոր տեսակով: Բիոհավելումների մեծ պարունակությամբ վառելիքի իրացման մասին վերջնական որոշման ընդունումն ակնկալվում է այսօր: Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Բունդեստագը հաստատել է Եվրահանձնաժողովի որոշումը` վառելիքի մեջ բիոհավելումների մակարդակը մինչև 10% բարձրացնելու մասին: Ակնկալվում է, որ այն պետք է էական ներդրում ունենա կլիմայի պաշտպանության գործում: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

Գերմանիան ստեղծում է նոր տեսակի բենզին` hոգալով կլիմայի մասին