Կգնի՞ արդյոք Apple-ը Sony-ին. լրագրողական սադրանքի «դրական» հետևանքները
Էլեկտրոնիկայի ճապոնական հսկա Sony-ի բաժնետոմսերը շաբաթվա սկզբին 3%-ով թանկացել են այն լուրերի արդյունքում, որ ամերիկյան Apple Inc-ը կարող է գնել ճապոնական կոնցեռնը: Այս մասին լուրերը սկսել են տարածվել դեռ անցյալ շաբաթ, երբ ամերիկյան Barron՚s բիզնես շաբաթաթերթում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Apple-ը լրջորեն ուսումնասիրում է խոշոր կլանման հնարավորությունը:
Ընդ որում՝ որպես կլանման ենթակա օբյեկտներ նշվում էին Adobe-ը, Sony-ն կամ Disney-ը: Ու չնայած այն հանգամանքին, որ Apple-ը կարող է նման խոշոր ծախսեր կատարել, վերլուծաբանները գործարքը քիչ հավանական են համարում: Իսկ Sony-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ ընկերությունը «չի կարող մեկնաբանել լուրերն ու սադրանքները»: Reuters-ի հաղորդմամբ` երեքշաբթի Տոկիոյի ֆոնդային բորսայում Sony-ի բաժնետոմսերը թանկացել են 3%-ով` մինչև 2,804 յեն:
Ի դեպ` խոսակցությունների առիթ է հանդիսացել նաև Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսի` վերջերս կատարած հայտարարությունը: «Մենք իսկապես հավատում ենք, որ կարող է մեկ կամ մի քանի ռազմավարական հնարավորություն ստեղծվի, որից կարող ենք օգտվել»,- ասել էր Ջոբսը վերլուծաբանների հետ հանդիպման ընթացքում` պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտադիր անել ընկերությունը կուտակված $51 մլրդ-ի հետ: Ընդ որում` որպես Apple-ի հնարավոր հետաքրքրությունների առարկա` զանգվածային լրատվամիջոցները նշում են նաև Facebook-ը, Netflix-ն ու Electronic Arts-ը:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, Barron՚s-ի հոդվածագիր Էրիկ Սավիցը, որի հոդվածում հայտնվել էր ճապոնական կոնցեռնի կլանման մասին տեղեկությունը, նախօրեին իր բլոգում գրել է, որ իր կողմից կոնկրետ ընկերությունների թվարկումը «զուտ սադրանք է» եղել:










