Դելֆինարիայի կառուցումը չի խաթարի այգու էկոլոգիան և բովանդակությունը. Մշակույթի նախարարություն

10:28 • 28.10.10

Կոմիտասի անվան զբոսայգում դելֆինարիայի կառուցումը չի խաթարի զբոսայգու ոչ էկոլոգիական, ոչ բովանդակային նշանակությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարությունը։ Նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.

«Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիայի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»,– ասվում է մշակույթի նախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հիշյալ զբոսայգում դելֆինարիա կառուցելու դեմ իր բողոքն էր արտահայտել գրող, հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը՝ այգում հացադուլ հայտարարելով ու պահանջելով դադարեցնել դելֆինարիայի կառուցումը։ Մշակույթի նախարարի հետ հանդիպումից հետո նա դադարեցրեց իր հացադուլը՝ հայտարարելով, որ պահանջները բավարարվել են։
 

Դելֆինարիայի կառուցումը չի խաթարի այգու էկոլոգիան և բովանդակությունը. Մշակույթի նախարարություն