D-Link-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում

20:50 • 29.10.10

Երևանում Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում մեկնարկեց DigiTec Expo 2010 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը ։ Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են 68 միջազգային և տեղական ընկերություններ, ինչն էլ աննախադեպ աճ է և գերազանցում է 2005թ. մասնակցությունը ավելի քան 30%: Ակնկալվում է նաև այցելուների թվի աճ` 15. հազ. այցելու` 2009 թ. 12. հազ.-ի փոխարեն:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր D-Link ընկերության ԱՊՀ և Բալթիայի տարածաշրջանային ներկայացուցչության տնօրեն Վլադիմիր Լիպպինգի խոսքով՝ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունի ավանդույթներ և ինտելեկտուալ ներուժ, ինչ հանդիսանում է երկրի մրցակցային առավելությունը։ Ըստ Լիպպինգի՝ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտը կաճի 4-5 անգամ, և D-Link-ը պատրաստ է կատարել ներդրումներ Հայաստանում և նպաստել ոլորտի զարգացմանը։

Ցուցահանդեսին մասնակցում են ինչպես միջազգային (գերմանական «Կրոնե», սինգապուրյան «Singapore Technologies Kinetics», ռուսաստանյան «Samara State Aerospace University», D-Link , Synopsys National Instrument, Cisco net academy), այնպես էլ մի շարք հայկական նորաստեղծ start-up ընկերություններ, ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող ընկերություններ։

Ընդհանուր առմամբ ընկերությունները ցուցահանդեսին կներկայացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ և համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումներն առօրյա բիզնեսում, ֆինանսաբանկային և հաշվապահական լուծումներ, արտադրության և բիզնես պրոցեսների ավտոմատացում, բարձր տեխնոլոգիական և ինժեներական լուծումներ, կրթությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, էլեկտրոնային կառավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, աշխատանքային շուկա:

 

D-Link-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում