Ինչո՞ւ է Հայաստանում ավելի հաճախ հանդիպում երիտասարդների հիվանդություն համարվող ցրված սկլերոզը

14:06 • 01.11.10

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես տարեցտարի աճում են նյարդային և սրտանոթային հիվանդությունները։ Այդ հիվանդությունները նաև երիտասարդացման միտում են դրսևորում, ինչը մասնագետները կապում են սոցիալ-տնտեսական բարդ պայմանների հետ։

«Մի կողմից այսօր երիտասարդներն ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան 30-40 տարի առաջ, մյուս կողմից էլ կյանքը նրանց համար բարդացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի գլխավոր նյարդաբան Էլմիրա Գևորգյանը։

Մասնագետին մտահոգում է այն, որ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է նյարդային հիվանդություն համարվող ցրված սկլերոզով տառապողների թիվը։ Վերջին 20 տարիներին այս հիվանդության տարածվածությունն աճել է 20-30 անգամ։ Այն ոչ մի կերպ չպետք է շփոթել սկլերոզ հիվանդության հետ, որը հիմնականում հանդիպում է տարեցների մոտ։ Հիվանդությունը Հայաստանի համար նորություն է, առաջացման պատճառներն էլ հայտնի չեն։ Մասնագետը մանրամասնեց, որ ցրված սկլերոզը հիմնականում հանդիպում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, անբուժելի և բարդ հիվանդություն է։ Այն արտահայտվում է տարբեր կերպ։ «Մեկն սկսկում է մի քիչ վատ քայլել, մեկը լսողության խնդիրներ է ունենում, մյուսի ձեռքն է դողում։ Աշխարհում կասկածներ կան, որ դա վիրուս է»,- ընդգծեց գլխավոր նյարդաբանը։

Էլմիրա Գևորգյանի խոսքով՝ բուժման մեթոդները հնարավորություն են տալիս մեղմել այս հիվանդությունը։ Թեև այս հիվանդները երկար են ապրում, սակայն ժամանակին բժշկի չդիմելու դեպքում հիմնականում հաշմանդամություն են ձեռք բերում։

Ըստ մասնագետի՝ Հայաստանում տղամարդկանց շրջանում հիմնականում տարածված են սրտամկանի ինֆարկտները, իսկ կանանց մոտ՝ ինսուլտները։ Տղամարդկանց մոտ այս հիվանդություններն ավելի վաղ տարիքում են հանդիպում և ավելի ծանր են լինում, քան կանանց մոտ։ Արյան բարձր ճնշումը այս հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է, հետևաբար մասնագետը բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տալիս մշտապես դեղորայքային բուժմամբ զբաղվել։ Տղամարդկանց համար սրտանոթային հիվանդությունների առումով ռիսկային տարիք է համարվում 40-60 տարեկանը։ Կանանց մոտ ավելի ուշ են դրանք գլուխ բարձրացնում։ Արյան բարձր ճնշում ունեցողները պետք է իրենց առողջությանը հետևեն հատկապես գարնան և աշնան ամիսներին։ Հայաստանի համար այս առումով վտանգավոր ամիս է համարվում ապրիլը։

Ինչո՞ւ է Հայաստանում ավելի հաճախ հանդիպում երիտասարդների հիվանդություն համարվող ցրված սկլերոզը