Թուրքիայում Youtube-ն այլևս արգելված չէ
Անկարայի դատախազությունը չեղյալ է հայտարարել Թուրքիայի տարածքում Youtube կայքն արգելափակելու որոշումը:
CNNTurk-ի փոխանցմամբ՝ երբ Youtube-ից հանվել են Աթաթուրքին վիրավորող տեսանյութերը, Անկարայի դատախազությունը հրահանգել է Թուրքիայի հեռուստահաղորդակցության խորհրդին թույլատրել կայքի գործունեությունը:
Թուրքիայի հեռուստահաղորդակցության խորհրդին իրավունք է վերապահվում երկրի տարածքում արգելափակել ցանկացած համացանցային կայք, եթե կասկածներ կան, որ դրանց բովանդակությունը նպաստում է «ինքնասպանության, երեխաների սեռական շահագործման, թմրադեղերի օգտագործման, անբարոյականության, մարմնավաճառության և մելախաղերի» տարածմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. մայիսին թուրքական իշխանությունները երկրի տարածքում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութերի հրապարակման համար արգելափակել էին Youtube-ը:










