Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ռազմական դաշինք են ստեղծում
Այսօր Լոդոնում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կհայտարարեն ռազմական ոլորտում համագործակցելու վերաբերյալ նոր համաձայնագրի մասին։
Ինչպես գրում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գործարքի պայմաններով՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան միայն մեկ քայլ են հետ մնում իրենց բանակների միաձուլումից։ Այս քայլը թույլ կտա նվազեցնել նրանց պաշտպանության ծախսերը։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են համատեղ օգտագործել ավիակիրները։ Սակայն այժմ The Daily Telegraph-ի աղբյուրները տեղեկացրել են, որ նոր համաձայնագիրը դրանով չի սահմանափակվելու։ Համաձայնագրի պայմաններով՝ երկու երկրները միմյանց հետ համաձայնեցնելու են ռազմական գործողությունները, համատեղ օգտագործելու են սարքավորումներն ու տեխնիկան, միասին մարզելու են զինծառայողներին և նրանց ուղարկելու՝ ծառայություն անցնելու արտասահմանում։
Համագործակցությունը վերաբերելու է նաև հետազոտական նախագծերին։
Բրիտանական կառավարության աղբյուրներն ընդգծել են, որ Միացյալ Թագավորությունն ինքնուրույն ռազմական ուժ է մնալու և պարտավոր չի լինելու թույլտվություն հարցնել Ֆրանսիային՝ իր զորքերը որևէ տեղ ուղարկելու համար։ Բացի այդ` ֆրանսիացիների հետ համագործակցությունը չի ազդելու Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի «հատուկ հարաբերությունների» իրադրության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության վրա։
Դիվանագետները նշում են, որ ֆրանսիացի ու բրիտանացի զինվորականներն արդեն համագործակցել են Աֆղանստանում ու Բոսնիայում, իսկ երկու պետությունների ուշադրության ոլորտները Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի որոշ շրջաններն են։
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, նոր համաձայնագրի լրջությունն ընդգծելու համար Սարկոզին իր հետ Լոնդոն է տանելու արտաքին գործերի, ֆինանսների ու պաշտպանության նախարարներին։










