Թուրքիայում YouTube-ը դեռ չբացած՝ նորից փակում են
Թուրքիայում հնարավոր է նորից արգելափակվի YouTube կայքը, որի մատչումը երկրի տարածքում արգելափակելու մասին որոշումն ընդամենը երկու օր առաջ չեղյալ էր հայտարարել Անկարայի դատախազությունը և հրահանգել Թուրքիայի հեռահաղորդակցության խորհրդին թույլատրել կայքի գործունեությունը:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` խնդիրն այն է, որ YouTube-ի ղեկավարությունը կայքում նորից տեղադրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութերը և միայն արգելափակել դրանց մատչումը Թուրքիայում:
Թուրքական պարբերականը տեղեկացնում է նաև, որ այժմ Թուրքիայի հեռահաղորդակցության խորհուրդը սպասում է այս առնչությամբ թուրքական դատարանի որոշմանը:
Մյուս կողմից, Թուրքիայում YouTube-ի հասանելիության դեմ պատրաստվում է բողոքել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալը, որի սիրային արկածների տեսագրությունը նույնպես տեղ էր գտել YouTube-ում:
«Հարցի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կիրականացնեն Դենիզ Բայքալի փաստաբանները»,- հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Յըլմազ Աթեշը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցներում հայտնվեց Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով:










