ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի վերջին
2010թ. դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողով, որի ընթացքում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ: Այս մասին այսօր ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստում հայտարարել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Նա ներկայացրել է ԳԱԱ 2006-2010 թթ. գործունեության հիմնական արդյունքները:
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ԳԱԱ-ի օպտիմալացման ծրագրերին, որի հիմնական խնդիրը նույն կամ մոտ գիտական ուղղություններ ունեցող գիտական կազմակերպությունների միաձուլումն ու գիտական կենտրոնի ստեղծումն է։
Ներկայումս ծրագրի արդյունքում ՀՀ ԳԱԱ-ում գործում են Օրգանական քիմիայի և դեղագիտության գիտական կենտրոնը, Կենդանաբանության և ձկնաբանության ու հիդրոէկոլոգիայի կենտրոնը և Հայ-կենսատեխնոլոգիայի կենտրոնը: Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների հետ միավորվել են նաև տարբեր գիտատեխնիկական կազմակերպություններ։
Նա նշել է, որ այս տարիների ընթացքում ակադեմիայի հին, ոչ հեռանկարային ուղղությունները փակվել են, և հիմնվել են նորերը, որոնք համապատասխանում են գիտության զարգացման գերակա ուղղություններին։ Կազմվել են 2011-2015թթ. գիտական ծրագրերը։ Գիտության պետական կոմիտեի հետ մշակվել և կառավարության հաստատմանն են ներկայացվել Գիտության զարգացման հայեցակարգը և գիտության զարգացման գերակա ուղղությունները։
Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեությունը, որը պատրաստում է մագիստրոսներ և ասպիրանտներ ակադեմիայի ինստիտուտների հիմքի վրա: Ներկայումս կենտրոնի ուսանողների թիվը կազմում է 900։
Անցած 3-4 տարիների ընթացքում էապես ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը։ Համագործակցության նոր պայմանագրրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի, Բելառուսի ակադեմիայի հետ։ Թարմացվել է Հունգարիայի հետ ունեցած պայմանագիրը։
Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև սոցիալական խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ ՀՀ նախագահի աջակցությամբ լուծվում է երիտասարդ գիտնականների համար 200-210 բնակարանների շինարարության հարցը:










