Ցտեսությո՛ւն, Pontiac. General Motors-ը ևս մեկ բրենդից է հրաժարվել

09:21 • 03.11.10

Ֆինանսական բարդ դրությունն ու վատ վաճառքներն ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնի ղեկավարությանը ստիպել են փակել ավտոմոբիլային պատմության ամենահայտնի բրենդներից մեկը` Pontiac-ը: Բրենդը փակվում է GM-ի սնանկացումից և ԱՄՆ-ի սահմաններից դուրս կոնցեռնի «դուստր» ընկերությունների վաճառքից երկու տարի հետո:

Նշենք, որ Pontiac-ն ունի 84 տարվա պատմություն: Հայտնվելով ԱՄՆ-ում ավտոմոբիլային արդյունաբերության ծաղկման ժամանակաշրջանում և վերապրելով 30-ականների Մեծ դեպրեսիան ու 50-70-ականներին հասնելով իր փառքի գագաթնակետին՝ 80-ականների սկզբին այն սկսել է «քարշ տալ իր ողորմելի գոյությունը»:

GM-ի կողմից թողարկվող նույն մակնիշի նոր ավտոմեքենաներն այլևս չեն կարող կրկնել 60-70-ականներին գնորդների շրջանում հայտնի այնպիսի մակնիշների հաջողության պատմությունը, ինչպիսիք են Bonneville-ը, GTO-ն, Firebird-ն ու TransAm-ը, ուստի` Pontiac-ի վաճառքներն ԱՄՆ-ում անկում են ապրել:

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, «Պոնտիակների» պատմության ավարտի մասին հարցը ծագել է դեռ նախորդ տարվա ընթացքում, երբ GM-ը, նվազեցնելով ծախսերը, կրճատել է ԱՄՆ-ում ավելի քան 65 հազ. աշխատատեղ: Կորպորացիան վաճառքի է հանել նաև իրեն պատկանող շվեդական ավտոմոբիլային Saab կոնցեռնը, սակայն պահպանել է գերմանական Opel-ն ու բրիտանական Vauxhall-ը: Ամերիկյան թերթերը գրում էին, որ Pontiac-ը դարձել է զոհ` հանուն GM-ի փրկության: Երկու տարի առաջ` սնանկացման ժամանակ, մենեջմենտի ձեռքերը դեռ չէին հասել «վետերան» բրենդին, և վերջինիս փակման մասին հայտարարվել է սնանկացած կոնցեռնի` բորսա վերադառնալու նախօրեին:
 

Ցտեսությո՛ւն, Pontiac. General Motors-ը ևս մեկ բրենդից է հրաժարվել