Թուրքական դատարանը կայացրեց իր որոշումը. YouTube-ը հերթական անգամ արգելափակվում է
Թուրքիայի տարածքում հերթական անգամ արգելափակվում է YouTube վիդեո հոսթինգի հեռարձակումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Անկարայի դատարանը, բավարարելով Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական՝ խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալի պահանջը, որոշել է արգելել մատչումը YouTube-ին:
Անկարայի դատարանն իր այս որոշումն ուղարկել է Թուրքիայի հեռահաղորդակցության խորհուրդ, իսկ վերջինը դիմելու է YouTube-ի ղեկավարությանը` պահանջելով կայքից հանել Դենիզ Բայքալի սիրային արկածների տեսագրությունը, հակառակ դեպքում վիդեո հոսթինգի հեռարձակումը Թուրքիայում կարգելափակվի:
Դենիզ Բայքալի փաստաբանները YouTube-ում հայտնված տեսանյութի առնչությամբ դիմել էին Անկարայի դատախազությանը` պահանջելով արգելափակել դրա մատչումը Թուրքիայում: Իսկ դատախազ Բյուլենթ Յուջեթուրքը դիմել էր Անկարայի դատարան և պահանջել կասեցնել YouTube-ի հեռարձակումը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը հրաժարական տվեց, երբ թուրքական լրատվամիջոցներում հայտնվեց Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով:
Ընդամենը 72 ժամ առաջ Անկարայի դատախազությունը չեղյալ էր հայտարարել կայքը արգելափակելու որոշումը և հրահանգել Թուրքիայի հեռահաղորդակցության խորհրդին թույլատրել կայքի գործունեությունը:
2,5 տարի առաջ Թուրքիայում կասեցվել էր YouTube-ի հեռարձակումն այն պատճառով, որ կայքում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութ էր հայտնվել։










