Ճապոնացիները լուսանկարել են ջրածնի առանձին ատոմը
Տոկիոյի համալսարանի մի խումբ մասնագետներ պատմության մեջ առաջին անգամ լուսանկարել են ջրածնի առանձին ատոմը՝ բոլոր ատոմներից ամենափոքրն ու ամենաթեթևը։
Հետազոտողները, պրոֆեսոր Յուիտի Իկուհարայի գլխավորությամբ, հայտնել են, որ ատոմը լուսանկարելու համար օգտագործվել է լիովին նոր սկանավորող էլեկտրոնային մանրադիտակ, հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Ջրածնի ատոմի տրամագիծը մոտավորապես մեկ տասըմիլիարդերորդ մետր է։ Ավելի վաղ կարծիք կար, որ ժամանակակից սարքվորումներով այն լուսանկարելն անհնար է։
Այժմ մարդկությունը, ըստ Իկուհարայի, կարող է տեսնել բոլոր ատոմները, որոնցից կազմված է աշխարհը՝ ապագայում որոշումներ ընդունելով առանձին ատոմների ու մոլեկուլների մակարդակով։
Ի դեպ, ջրածնին բաժին է ընկնում Տիեզերքի բոլոր ատոմների 90%–ը։










