Կրթական և առողջապահական ոլորտներում կկատարվեն կադրային փոփոխություններ

13:39 • 04.11.10

Վերջին շրջանում ահազանգող և վտանգավոր են դարձել առողջապահության և կրթության ոլորտներում առկա կոռուպցիոն երևույթները։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիան այդ երկու ոլորտներում խորացել է։

«Դրա մասին են վկայում և վերլուծական նյութերը, և մեր վերահսկողական ծառայությունների աշխատանքը»,– ասաց Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը ԿԳ նախարարին հանձնարարեց 10–օրյա ժամկետում ներկայացնել պարզ և հստակ գործողությունների ծրագիր, «որպեսզի մենք այլևս չհանդուրժենք կոռուպցիան կրթական համակարգում»։ Ըստ վարչապետի՝ ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ պետք է կատարվեն։ Պետք է թարմացվեն բուհերում խորհուրդների կազմերը, հստակ հանձանարարություններ պետք է տրվեն թերությունների բացահայտման և վերացման ուղղությամբ։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ լրջագույն դժգոհություններ են հնչում նաև առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների վերաբերյալ։ Հետևաբար, վարչապետի հանձնարարականից զերծ չմնաց նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նրան հանձնարարվեց 10–օրյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ, ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ կատարել՝ սկսած աշխատակազմի ղեկավարից մինչև մյուս աշխատակիցները, որոնք, ըստ վարչապետի, պատշաճ կերպով չեն պայքարում չարիք համարվող այդ երևույթի դեմ։

«Եթե իրավիճակը չշտկվի, պետք է ավելի կտրուկ քայլերի գնալ»,– ասաց Տիգրան Սարգսյանը։