Google-ը դատի է տվել ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությանը. վերջինս նախապատվությունը տվել է Microsoft-ին

09:22 • 04.11.10

Google-ը հայց է ներկայացրել Վաշինգտոնի դաշնային դատարան` մեղադրելով ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությանը «Մրցակցության մասին» օրենքի խախտման մեջ: Աշխարհի խոշորագույն որոնողական ցանցի պնդմամբ` գործնականում իր անունը հեռացվել է պետական գերատեսչությունում էլեկտրոնային հեռահաղորդակցության համակարգի համար ծրագրի մշակման հայտամրցույթից:

Նախարարության պաշտոնյաները, սակայն, Microsoft-ի օգտին իրենց ընտրությունը հիմնավորում են ինտերնետային ծառայությունների Google Apps հարթակի ոչ բավարար անվտանգությամբ: Նշենք, որ ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությունն ընթացիկ տարվա օգոստոսին 88 հազ. աշխատակիցների համար էլեկտրոնային հեռահաղորդակցության միասնական համակարգի ծրագրային մշակման հայտամրցույթ է անցկացրել, որը պետք է փոխարինի գերատեսչության տարբեր գրասենյակներում ներկայում օգտագործվող 13 համակարգերին: Սակայն Google-ին անգամ չեն թույլատրել մասնակցել մրցույթին, իսկ $59,3 մլն-ի հնգամյա պայմանագիրը բաժին է հասել Microsoft-ին:

Նշենք, որ 2009-2010 թթ. ընթացքում Google-ի մասնագետները մեծ ջանքեր են գործադրել գերատեսչության ներկայացուցիչներին Google Apps հարթակի տեխնիկական և ֆինանսական առավելությունները ներկայացնելու և միաժամանակ ապացուցելու համար, որ արտադրանքն ամբողջությամբ համապատասխանում է հայտարարված պահանջներին: Ընկերությունը նաև գերատեսչության պաշտոնյաներին ուղղված նամակում նշել էր այն մասին, որ իր ծրագրերից օգտվում են ինչպես մասնավոր ընկերությունները, այնպես էլ պետական մարմինները, օրինակ` ԱՄՆ-ի կրթության և էներգետիկայի նախարարությունները: Բոլոր դեպքերում, ներքին գործերի նախարարության հիմնավորման մեջ ասված է, որ միայն Microsoft BPOS արտադրանքն է բավարարում անվտանգության բոլոր պահանջները:

Ինչպես հայտնում է «Կապիտալ» օրաթերթը, երկու ամսվա ընթացքում Google-ը փորձել է պետական պաշտոնյաներին համոզել վերանայել որոշումն ու կրկնակի հայտամրցույթ անցկացնել, և անհաջող փորձերից հետո միայն դիմել է դատարան: Միջազգային Salans ընկերության նյույորքյան գրասենյակի գործընկեր Ռենդի Բրեգմանի խոսքով` ԱՄՆ-ում իշխանության պետական մարմինների դեմ հայցերը բավականին տարածված են, և գոյություն ունի իրավունքների մի ամբողջ ոլորտ, որը զբաղվում է պետական պայմանագրերով: Բրեգմանի խոսքով` ԱՄՆ-ում կառավարական հաստատությունները որևէ առավելություն չունեն ընկերությունների նկատմամբ, և քիչ չեն դեպքերը, երբ ընկերությունները շահում են համանման դատական գործերը:

Google-ը դատի է տվել ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարությանը. վերջինս նախապատվությունը տվել է Microsoft-ին