BBC-ի 4000 լրագրողներ գործադուլ են սկսում
Բրիտանական BBC ընկերության ավելի քան 4000 լրագրողներ հայտարարել են 48-ժամյա գործադուլ, որը կսկսվի նոյեմբերի 5–ին։ Այս մասին հայտնում է BBC–ն։ Հաջորդ գործադուլը նախատեսվում է նոյեմբերի 15–16–ը։
Լրագրողները դժգոհ են ընկերության ղեկավարության կենսաթոշակային ֆոնդի ձևավորման նոր սխեմայից։
Ղեկավարության նոր նախագծերի համաձայն՝ 2011թ. ապրիլից ընկերության աշխատակիցների համար կենսաթոշակային հատկացումները կկրճատվեն 1 տոկոսով՝ 7–ից դառնալով 6 տոկոս։
Բացի այդ, աշխատակիցների կենսաթոշակը կհաշվարկվի՝ ելնելով ողջ աշխատանքային գործունեության միջին աշխատավարձից։ Աշխատակիցները նաև պետք է աշխատեն ոչ թե մինչև 60 տարեկանը, այլ՝ 65։
Այս գործադուլից բացի, BBC-ի աշխատակիցները որոշել են նոյեմբերի 7–ից նաև խստորեն հետևել աշխատանքային պայմանագրերի դրույթներին՝ բացառապես աշխատել նվազագույն անհրաժեշտ աշխատաժամանակով, ընդմիջումների համար օգտագործել սահմանված ժամանակն ամբողջությամբ։
Հեռուստաընկերության աշխատանքը այդուհանդերձ չի ընդատվի, քանի որ մի քանի հազար տեխնիկական աշխատողներ արդեն իսկ ընդունել են ղեկավարության առաջարկը։ Ուստի գործադուլի ժամանակ նյութերը կարող են եթեր հեռարձակվել տեխնիկական աշխատակիցների կողմից։










