Google-ը սմարթբուք է թողարկում

09:23 • 05.11.10

Google-ը նոյեմբերի վերջին կսկսի առաջին սմարթբուքների վաճառքը, որոնք աշխատում են Chrome OS գործառնական համակարգով (operating system): Սմարթբուքների առաջին փորձնական շարքը կկազմի ավելի քան 70 հազ.: Դրանց վաճառքները կօգնեն Google-ին առաջատար դիրքեր զբաղեցնել ծրագրային ապահովման արտադրողների շրջանում:
Նշենք, որ սմարթբուքները կարտադրի թայվանական Inventec ընկերությունը: Հայտնի է, որ հավաքումը կկատարվի ARM պրոցեսորների հիմքի վրա: ARM չիպերի գլխավոր առավելություններից մեկն էլ ցածր էներգասպառումն է: Այդպիսի պրոցեսորներն օգտագործվում են սմարթֆոններում, մեդիափլեյերներում և պլանշետնիկային համակարգիչներում, այդ թվում` Apple iPad-ում: Ի դեպ` Google-ը սմարթբուքների վաճառքը զուգորդում է Chrome գործառնական համակարգի պաշտոնական թողարկման հետ, որը նշանակված է 2010թ. նոյեմբերի կեսին: Դրան կհաջորդի Chrome OS կայուն տարբերակի թողարկումը:

Նշենք, որ Chrome OS-ն առաջին անգամ ներկայացվել է նախորդ տարվա հուլիսին: Այս գործառնական համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ նրա օգնությամբ բոլոր փաստաթղթերն ու հավելվածները կարելի է պահպանել Google-ի սերվերների վրա և ներբեռնել բրաուզերից, այլ ոչ պահպանել լոկալ համակարգչում: Փորձագետների կարծիքով` Chrome OS-ը համապատասխան շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու մեծ շանսեր ունի: Պատճառն այն է, որ այս գործառնական համակարգն առավել պարզ և հեշտ է` ի տարբերություն Windows-ի համանման համակարգից:

Ենթադրվում է, որ Chrome OS-ում կգերակայեն հենց Google-ի վեբ հավելվածները` Chrome բրաուզերը, Gmail փոստային ծրագիրը, հաղորդագրությունների արագ փոխանակման Google Talk ծառայությունը, Google Maps-ը, նրա ձայնային և տեսահավելվածները: Այդպիսով` դա նեթբուքից ավելի քիչ ռեսուրսներ կպահանջի, և նշանակում է` պահանջված կլինի ավելի մեծ թվով օգտատերերի կողմից: Իսկ ռեսուրսների նվազ անհրաժեշտությունն այս նեթբուքներին ներբեռնման ավելի բարձր արագություն կապահովի: Մյուս կողմից` Chrome OS-ի «հռչակը» կաճի միայն աստիճանաբար: Հայտնի է, երբ Google-ը նոյեմբերին իր նոր սմարթբուքների շարքը թողարկի, Chrome OS-ով գործող համանման սարքերը դեկտեմբերի վերջին կներկայացվեն Acer և Hewlett-Packard ընկերությունների կողմից: Նշենք, որ այս սմարթբուքները տարբերվում են իրենց կոմպակտ չափերով, թեթևությամբ, ցածր էներգասպառմամբ և համեմատաբար ցածր գնով:Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։

 

Google-ը սմարթբուք է թողարկում