«Orange»–ը կլինի հոգատար, բաժանորդը զարմացած չի մնա. խոստանում է գլխավոր տնօրենը

12:09 • 05.11.10

Բջջային կապի օպերատոր «Orange» ընկերությունն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ծառայություն է մատուցում։ Այսօր լրացավ ընկերության ծառայությունների մատուցման մեկնարկի մեկ տարին։ Այդ կապակցությամբ հրավիրված ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո «Orange»–ն այսօր արդեն ունի ձայնային ծառայությունների 300 000, լայնաշերտ շարժական ինտերնետի 45 000 բաժանորդ։ Ընկերության արդիական տեխնոլոգիաներով համալրված 3G+ ցանցն այսօր ամենաընդարձակն է երկրում և հասանելի է բնակչության 93 տոկոսին։

Բրունու Դյութուան հիշեց, որ մեկ տարի առաջ, երբ սկսեցին մատուցել իրենց ծառայությունները, խոստացան բաժանորդներին իսկական ընտրություն առաջարկել, նորարարություն բերել հայաստանյան կապի ոլորտ, փոխել ինտերնետի շուկան։ Այս մեկ տարում, ըստ նրա, հաջողվել է խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ լայնածավալ աշխատանք իրականացնել։
Նրա խոսքով՝ այս հաջողությունները նաև ազատ և արդար մրցակցության արդյունք են, ինչն առկա է հայաստանյան կապի ոլորտում։
«Orange»–ը Հայաստանի տարածքում արդեն ունի վաճառքի լայն ցանց՝ 57 խանութ, ավելի քան 2000 վաճառքի, 6000–ից ավելի վճարման կետեր։ Տարեվերջին ընկերությունը նախատեսում է խանութների թիվը հասցնել 80–ի։
Բրունո Դյութուան նշեց, որ իրենց միջոցով Հայաստանում ստեղծել են մեծ թվով աշխատատեղեր։
Ընկերությունը տարվա ընթացքում անմասն չի մնացել բարեգործությունից։ Բարեգործական ծրագրի առանցքում, ըստ գլխավոր տնօրենի, երկու հիմնական խնդիր է դրված՝ օգնել աուտիզմով հիվանդ երեխաներին և հեռավոր բնակավայրերի ազգաբնակչությանը։

Ապագայում ընկերության կարգախոսն է լինելու բաժանորդների հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելը։ Բրունո Դյութուան մանրմասնեց այս կարգախոսը. «Հոգատար լինել, նշանակում է ունենալ մատչելի ծառայություններ բոլորի համար։ Հոգատար լինել նշանակում է ունենալ բարձրորակ, եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություններ, անընդհատ ստեղծել նորարարություններ։ Մեզ համար հոգատար լինել, նշանակում է փոխհատուցել վստահության համար։ Մենք ներդրել ենք բոնուսային համակարգ, որի միջոցով բաժանորդը բոնուսներ է ստանում։ Մեր նպատակն է նաև մոտ լինել մեր բաժանորդներին՝ ընդլայնելով վաճառքի կետերի թիվը։ Մեր նպատակներից է՝ միշտ լինել վստահելի մեր բաժանորդների համար, աշխատել թափանցիկ։ Որևէ բաժանորդ երբեք զարմացած չի մնա իր հաշվին եղած գումարի համար»։

2009 թվականից ընկերությունը կատարել է 150 մլն եվրոյի ներդրում։ Միայն հոկտեմբերին ընկերությունը 1 մլրդ դրամի շրջանառություն է ունեցել։ Անցած մեկ տարում ընկերությունը դեռ շահույթով չի աշխատել, սակայն հաջորդ տարի արդեն շահույթ է ակնկալում։

Խնդիրներ, ըստ Դյութուայի, նույնպես կան, հատկապես ինտերնետի արագության առումով։ «Սակայն այսօրվա և մեկ տարի առաջվա հայաստանյան ինտերնետի շուկան չի կարելի համեմատել։ Մենք մի ընկերություն ենք, որը մեծ ներդրումներ է կատարում որակի բարձրացման համար։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,– խոստացավ նա։

 

«Orange»–ը կլինի հոգատար, բաժանորդը զարմացած չի մնա. խոստանում է գլխավոր տնօրենը