Բյուրականի աստղադիտարանը կարող է դառնալ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն
Բյուրականի աստղադիտարանը քայլեր էր նախաձեռնել տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դառնալու ուղղությամբ դեռ 90–ական թվականներին, սակայն այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ։ Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ նախաձեռնության երկրորդ շարժումը սկսվեց 2006–2007 թվականներին։
«Առաջինը դա ազգային գիտակրթական կենտրոնի ստեղծումն է, որի հիման վրա կարող է կազմավորվել արդեն տարածաշրջանային կենտրոնը»,– ասաց նա։
Հարությունյանը հավելեց, որ այս նախագիծը վաղուց ներկայացվել է կառավարությանը։ «Մենք դեռ հույս ունենք, որ հարցը առաջ կգնա»,– ասաց նա։
Հայկ Հարությունյանը հուսով է նաև, որ այս հարցում կառավարությունը նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերի։ Ըստ Հարությունյանի՝ ծրագրի ֆինանսական մասը կազմում է տարեկան 500 մլն դրամ։
Բացի այն, Բյուրականի աստղադիտարանը հավակնում է դառնալ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն։ «Սա նույն շղթայի երկրորդ օղակն է»,– կարծում է աստղադիտարանի տնօրենը։
Հայկ Հարությունյանը նշեց, որ տարածաշրջանում իր հեղինակությամբ, ենթակառուցվածքով և հնարավորություններով Բյուրականի աստղադիտարանի նման այլ աստղագիտական կենտրոն չկա, որը կարող է ստանձնելկենտրոն լինելու դերը։
Հիշեցնենք, որ Հայաստանը դարձավ Միջազգային աստղագիտական միության լիիրավ անդամ 1994թ.։ «Այդ միությունը, որը կոորդինացնում է աստղագիտությունը, փորձում է իր աշխատանքներն իրականացնել նաև տարածաշրջաններում՝ ստեղծելով 8 տարածաշրջանային կենտրոններ աշխարհի տարբեր անկյուններում։ Եվ որպես այս տարածաշրջանում առավել հայտնի կենտրոն՝ մենք հայտ ենք ներկայացնել՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն»,– ասաց Հայկ Հարությունյանը։










