Հայաստանի դեղագործության ոլորտը կանցնի որակի ապահովման նոր համակարգի
Հայաստանի դեղագործության ոլորտը կանցնի եվրոպական չափանիշներին համապատասխան որակի ապահովման «Ջի Էմ Փի» համակարգի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին ոլորտը ներկայացնող մասնագետները։
USAID/CAPS-ի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը պարզաբանեց, որ «Ջի Էմ Փի»-ն որակի ապահովման նոր համակարգ է, որը հնարավորություն կտա տեղի արտադրողներին եվրոպական չափանիշներին համապատասխանող դեղորայք արտադրել և այն արտահանել Եվրոպա։ «Դրանով մեր դեղերը ավելի մրցունակ կլինեն և ներքին, և արտաքին շուկայի համար»,– հայտարարեց Մարգարյանցը։ Նա հատուկ շեշտեց, որ որակի ներդրման նոր համակարգը այս ընթացքում էլ գործել է, այդ համակարգով են աշխատել դեղարտադրող մի շարք հայկական ընկերություններ, սակայն հիմա նախատեսվում է ամբողջացնել համակարգը։
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ իրենք առաջարկել են կառավարությանը նոր համակարգին վերջնականապես անցնելու ժամկետ սահմանել 2012–2014թթ.։ Ըստ Զաքարյանի՝ ոլորտում գործող տեղական հիմնական ընկերությունները ի վիճակի կլինեն նոր համակարգին անցնել 2013թ., իսկ մի երկուսն էլ՝ 2014թ.։
«Ջի Էքս Փի» դեղագործական կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանի խոսքով, նոր համակարգի ներդրումը չպետք է դիտարկել որպես ոլորտի նկատմամբ պետական վերահսկողության խստացում, այլ պետք է համակարգի ներդրումը դիտարկել որպես տեղական դեղորայքի արտադրման որակի բարձրացմանը նպաստող քայլ։ Ըստ նրա, մինչ այժմ էլ հայկական դեղագործական ընկերությունների արտադրանքի 48–50 տոկոսն արտահանվել է ԱՊՀ երկրներ, մի փոքր մասն էլ Եվրոպա, սակայն նոր համակարգի ներդրման պարագայում ընկերությունները կարող են ազատորեն իրենց արտադրանքն արտահանել նաև Եվրոպա։










