Նորարարական գործիք՝ Orange-ում աշխատանքի ընդունվելու համար
Orange-ը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընկերությունում աշխատանքով կամ ստաժով, առաջարկում է դիմել առցանց` ստեղծելով Հայաստանում առաջին նմանօրինակ համակարգը: Այսուհետ job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը ներկայում թափուր և պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլ նաև թարմացնել տվյալները և հետևել դիմումի և հարցազրույցի պատմությանը անձնական հաշվի միջոցով:
Չնայած այն բանին, որ Orange-ի թիմն արդեն հիմնականում ձևավորված է, և մեծ հավաքագրման փուլն ավարտված է, ընկերությունը պարբերաբար ունենում է թափուր աշխատատեղեր: Orange-ը ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնք հաճախ ոչ ճիշտ և չհամակարգված են հասնում ընկերության մարդկային ռեսուրսների բաժին: Այսուհետ յուրաքանչյուր թեկնածու, կայքում ուսումնասիրելով ընկերության կառուցվածքը, կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը և դիմել կոնկրետ աշխատանքի համար:
«Պարտադիր չէ, որ դիմողին հետաքրքրող պաշտոնն այդ պահին թափուր լինի: Դիմողը կարող է դիմել նաև ոչ թափուր պաշտոնի համար և մշտապես թարմացնել իր տվյալներն առցանց: Ծրագիրը շատ պարզ և նույնիսկ զվարճալի է, և կայքի այցելուին թույլ է տալիս իսկույն զգալ Orange-ի ոգին ու ոճը: Սա իհարկե նաև հնարավորություն է ընձեռում մեզ խուսափել թղթի անիմաստ վատնումից»,- ասել է Orange-ի Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանը:
Համակարգը թեստային ռեժիմով աշխատել է արդեն հոկտեմբեր ամսվանից: Երկու ամսվա ընթացքում Orange-ն առցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում, որոնք արդեն ընկերության տվյալների բազայում են։










