SAP-ը Հայաստանում է
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «SAP-ի մուտքը Հայաստան» խորագրով բիզնես ֆորում, որի նպատակն էր հայ ընկերություններին ներկայացնել SAP-ի բիզնեսի կառավարման լավագույն լուծումները, որոնք ներդրվել և կիրառվում են աշխարհի ամենաազդեցիկ գործարար ընկերությունների և հաստատությունների կողմից։
Ողջունելով բիզնեսի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի մուտքը Հայաստան՝ Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր դժվար է պատկերացնել որևէ ընկերություն կամ կազմակերպություն, որը կարող է համաշխարհային մակարդակով մրցունակ լինել՝ առանց նոր տեխնոլոգիաների կամ կառավարման նոր համակարգերի կիրառման։ Ցավոք, մեզանում շատ կան ընկերություններ ու ղեկավարներ, որոնք չեն հրաժարվում կառավարման հին ձևերից և մտածելակերպից։ Չեն շտապում կիրառել հաջողությամբ փորձարկված մոդելները՝ նախընտրելով ունենալ փոքր շահույթ, բայց այսօր։ Սա լուրջ խնդիր է, որը մտահոգում է կառավարությանը։ Կարծում ենք, որ SAP ընկերությունն իր բազմամյա փորձով և կառավարման ժամանակակից լուծումներով կարող է դառնալ մեր բիզնես համայնքի լավ գործընկերը և ապահովել առաջընթաց բիզնես-կառավարման լավագույն լուծումների շնորհիվ»։
Ինչպես նշեց SAP-ԱՊՀ գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը, «Գործարար աշխարհի ձեռնարկությունների հետ մեր ընկերության համագործակցության բազմամյա փորձը և ձևավորված մշակումները առաջարկում ենք բիզնեսներին՝ որպես կառավարման ավտոմատացման ժամանակակից լավագույն լուծումներ։ Մեր հիմնական նպատակն է մեր լուծումներով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ընկերություններին օգնել օպտիմալ օգտագործել ռեսուրսները և բարձրացնել աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը»։
Ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Բանկերի ասոցիացիայի» նախագահ Արարատ Ղուկասյանը՝ նշելով, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիայի չկա ապագայում որևէ բանկային գործ, և այս առումով շատ կարևոր է ունենալ ժամանակակից լուծումներ, որոնք առաջարկվում են SAP-ի կողմից։
Նշենք, որ SAP-ի տարեկան եկամտաբերությունը 10,7 մլրդ եվրոյից ավելի է։ Ընկերությունը գործում է աշխարհի 120 երկրներում, և ավելի քան 20 արդյունաբերական ոլորտներում գործող 100 հազ ընկերություններ կիրառում են SAP-ի ծրագրային լուծումները։










