Google-ը ձեռնոց է նետում Amazon-ին. կորպորացիան էլեկտրոնային գրքեր կվաճառի
Google որոնողական հսկան շուտով կգործարկի էլեկտրոնային գրքերի վաճառքի օնլայն ծառայություն` Google Editions: Այս մասին հաղորդում են ամերիկյան The Wall Street Journal-ն (WSJ) ու Bloomberg-ը` վկայակոչելով Google-ին մոտ կանգնած աղբյուրները: Կորպորացիայի ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ում ծառայությունը կգործարկվի մինչև 2010թ. տարեվերջ, իսկ օնլայն խանութի միջազգային տարբերակը հասանելի կլինի 2011թ. 1-ին եռամսյակում: Google-ը խոշոր հրատարակիչների հետ մեկտեղ մտադիր է վաճառել հարյուր հազարավոր էլեկտրոնային գրքեր: Վերջերս անկախ հրատարակչատները Google-ի կողմից համագործակցության առաջարկներ են ստացել: WSJ-ի կողմից հարցված փորձագետները Google Editions-ի առավելությունն են համարում այն հանգամանքը, որ այս ծառայությունը կապված չի լինի ընթերցանության համար նախատեսված հատուկ սարքերի կամ ծրագրային ապահովման հետ: Անմիջապես Google-ից կամ մեկ այլ վաճառողից էլեկտրոնային գիրք գնելու դեպքում այն կարելի է հավելել Google-ի օգտահաշվի միջոցով հասանելի անձնական գրադարանին, ապա կարդալ այն համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի էկրանին:
Google Editions-ը տարբերվում է Amazon ընկերության կողմից 2007թ. թողարկված Kindle համակարգից, որը նախատեսված է էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար: Ներկայում, փորձագետների գնահատմամբ, այս ծառայությունը տնօրինում է էլեկտրոնային հրատարակությունների շուկայի 65%-ը: Kindle-ի սեփականատերերը կարող են գրքեր գնել միայն Amazon-ում, իսկ այլ ռիդերների սեփականատերերը, Amazon.com կայքից ներբեռնելով տեքստեր, ստիպված են օգտվել նաև Kindle ծրագրից: Հիշեցնենք, որ Google-ի «գրքային» նախորդ նախագիծը` Google Books-ը, սառեցված է դատաքննության պատճառով՝ կապված հրատարակիչների հեղինակային իրավունքների խախտման հետ: Ըստ ամերիկյան Forrester Research-ի փորձագետների կանխատեսումների` 2010թ. էլեկտրոնային գրքերի վաճառքներից ստացված գումարը կկազմի $966 մլն: Հրատարակիչների կարծիքով` Google-ը կկարողանա գրավել շուկայի 20%-ը` նոր ծառայությունը որոնողական ցանցին ինտեգրելու շնորհիվ:










