Իրանը Վենեսուելայում և Բոլիվիայում ուրան է որոնում. WikiLeaks

14:44 • 03.12.10

Իրանը 2006 թվականից եռանդուն կերպով զբաղվում է Լատինական Ամերիկայում, առաջին հերթին՝ Վենեսուելայում և Բոլիվիայում ուրանի որոնողական աշխատանքներով։ Այս մասին հայտնում են մեքսիական ԶԼՄ–ները՝ վկայակոչելով իսպանական Pais թերթը։

WikiLeaks–ի տվյալներով՝ ամերկացի դիվանագետները Վաշինգտոնին տեղեկացրել են, որ վերջին 6 տարվա ընթացքում 57 իրանցի ինժեներ է այցելել Վենեսուելա, որտեղ նրանք զբաղվել են հանքախուզական աշխատանքներով՝ ուրանի հանքաքարերի հանքավայրեր հայտնաբերելու համար։

Վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ գաղտնի զեկույցը՝ տվյալներ են բերվում նաև առ այն, որ Վենեսուելան և Բոլիվիան ուրան են մատակարարում Իրանին՝ Իսլամական Հանրապտության ազգային միջուկային ծրագրի մշակման համար։

Նշվում է նաև, որ անցյալ տարի նոյեմբերին Բոլիվիա կատարած այցելության ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ուրանի հանքաքարերի մատակարարման դիմաց ատոմային էլեկտրակայան կառուցելու շուրջ պայմանավորավածություն է ձեռք բերել Էվո Մորելեսի հետ։

Բացի այդ, Կարակասից ամերիկացի դիվանագետների գաղտնի հեռագրերում ներկայացվում է նաև վենեսուելացի գիտնական–ֆիզիկոսների կարծիքն այն մասին, որ Վենեսուելան հնարավոր է անցնի սեփական ուժերով ազգային միջուկային ծրագրի մշակմանը։

«Վենեսուելան այս պահին անհրաժեշտ թվով միջուկային մասնագետ գիտնական չունի՝ սեփական միջուկային ծրագիրը մշակելու համար»,– ասվում է ամերիկացի դիվանագետների գաղտնի հեռագրերում։

Միաժամանակ այդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ Կարակասում գտնվող դիվանագետները անհանգստություն են հայտնում՝ այս տարվա հոկեմբերին Մոսկվայում Վենեսուելայի ատոմային էներգիայի զարգացման համագործակցության շուրջ ստորագրված միջկառավարական համաձայանագրի առնչությամբ։

Ամերիկյան դիվանագիտության աշխատակիցների կարծիքով, դա Վենեսուելային թույլ կտա արդեն առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանում անհրաժեշտ թվով մասնագետներ պատրաստել՝ ազգային միջուկային ծրագրի մշակման համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ «WikiLeaks–ի խաղերը չարժե մեկնաբանել, և պետք չէ ժամանակ ծախսել դրանց ուսումնասիրության համար»։
 

Իրանը Վենեսուելայում և Բոլիվիայում ուրան է որոնում. WikiLeaks