PayPal-ը արգելափակել է WikiLeaks–ի հաշիվը
PayPal Inc վճարային համակարգը այսօր օգտագործման թույլատրելի քաղաքականությունը խախատելու պատճառաբանությամբ արգելափակել է WikiLeaks.org կայքի՝ իր համակարգից օգտվելու հնարավորությունը։
«PayPal–ը՝ համակարգի օգտագործման թույլատրելի քաղաքականության խախատելու հետևանքով արգելափակել է WikiLeaks–ի կողմից օգտագործվող հաշիվը, ինչը վկայում է այն մասին, որ մեր ծառայությունը չի կարող օգտագործվել որևէ գործունեության համար, որը խրախուսում, քարոզում, նպաստում կամ հրահանգում է մյուսներին՝ զբաղվել անօրինական գործունեությամբ»,– ասվում է PayPal–ի բլոգում։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ WikiLeaks–ը արդեն տեղյակ է այդ որոշման մասին։
PayPal–ը տեղեկացնում է նաև, որ որևէ պետական գործակալության հետ ինքը չի կապվել և այդ որոշումը ընդունել է կամովին։
Նշենք նաև, որ այս շաբաթ Amazon.com Inc–ը, ծառայությունների տրամադրման պայմանները խախտելու պատճառաբանությամբ, դադարեցրել է հոսթինգ ծառայության տրամադրումը WikiLeaks–ին՝ նշելով, որ վերջինիս կողմից հրապարակված նյութերը «անմեղ մարդկանց կյանքը վտանգի տակ են դնում»։
EveryDNS ընկերությունը կիբերհարձակումների պատճառով դադարեցրել է հոսթինգի ծառայություն տրամադրել Wikileaks.org–ին, ինչի հետևանքով Wikileaks.org անունով կայքն այլևս չի գործում։
Wikileaks–ը Twitter սոցիալական ցանցի միջոցով երեկ հայտնել է, որ իր տիրույթի անունը տեղափոխել է Շվեյցարիա։










