Տղամարդիկ` Google Android, կանայք` Apple iOS. սմարթֆոնները շարունակում են գրոհել
Ըստ ամերիկյան Nielsen ընկերության իրականացրած հետազոտության արդյունքների` 2010թ. 3-րդ եռամսյակում ԱՄՆ-ում տղամարդկանց 32,6%-ը նախընտրել է Google Android հարթակով սարքավորումները, իսկ կանայք (30,9%) նախապատվությունը տվել են Apple iOS բջջային գործառնական համակարգով գործող գաջեթներին: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։
Ըստ փորձագետների` ամերիկյան շուկայում առաջատար համարվող երկու հարթակների նկատմամբ սպառողների նախընտրությունը պայմանավորված է ոչ միայն սեռական պատկանելությամբ, այլև տարիքային գործոնով: ԱՄՆ-ի երիտասարդ բնակիչների (18-34 տարեկան) մեծամասնությունը նախընտրում է Apple iOS-ը, իսկ 34-54 տարեկանների շրջանում առավել տարածված է Android-ը: Առավել մեծահասակները կրկին նախընտրում են Apple iOS-ը:
Ընդհանուր առմամբ` սմարթֆոն օգտագործողների շրջանում ամենամեծ պահանջարկը շարունակում է պահպանել Apple iPhone-ը. ԱՄՆ-ում նոր սմարթֆոն ձեռք բերողների 30%-ը նախընտրում է ձեռք բերել Apple iPhone, 28%-ը` Google Android սմարթֆոններ, և միայն 13%-ը` BlackBerry:
Ըստ վերոնշյալ տվյալների` Android հարթակով սարքավորումների տարածվածությունն արագորեն աճում է: Այսպես` ներկայում ԱՄՆ-ում սմարթֆոն գործածողների շրջանում մեծ թիվ են կազմում iPhone ունեցողները` 27,9%, գրեթե նույնքան են BlackBerry սմարթֆոններ օգտագործողները` 27,4%, իսկ Android հարթակի վրա գործող սմարթֆոններն այս ցուցակում զբաղեցնում են 3-րդ տեղը` 23% ցուցանիշով:










