Չիլիում հայտնաբերվել է Ամերիկայի ամենահին հանքահորը
Հնագետները Չիլիում հայտնաբերել են մեր օրերում Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածքում հայտնի հանքահորերից ամենահինը։
Ինչպես հայտնում է El Mercurio պարբերականը, այդ հանքահորը գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 1100 կմ դեպի հյուսիս։ Գիտնականների համաձայն՝ հանքահորն օգտագործվել է երկաթի օքսիդի արդյունահանման համար։
Հայտնագործությունն իրականացվել էր Չիլիի համալսարանի հնագետների կողմից դեռևս 2008–ի հոկտեմբերին, սակայն հանքահորի տարիքը մինչև վերջերս հայտնի չէր։ Օրերս ամերիկացի և լեհ մասնագետներից կազմված հանձնաժողովը հրապարակել է փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ հանքահորը ստեղծվել է 12 հազար տարի առաջ։
Պարզվել է, որ հանքահորը ինտենսիվորեն շահագործվել է մ.թ.ա. 10–2-րդ հազարամյակներում. այնտեղից արդյունահանվող երկաթի օքսիդը օգտագործվել է հնդկացիների կողմից որպես հագուստի ներկման գունանյութ՝ նախատեսված նաև կրոնական ծիսակատարությունների համար։










