Jaguar համակարգիչը կհայտնաբերի մանկական պոռնոգրաֆիայի սիրահարներին
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի ազգային լաբորատորիայում տեղադրված Jaguar գերհամակարգիչը հեշտությամբ կարողանում է հայտնաբերել նրանց, ովքեր պահում ու տարածում են մանկական պոռնոգրաֆիա:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, նման բովանդակության դեմ պայքարելն այնքան էլ հեշտ չէ, երբ տեսանյութերը բացի անձնական համակարգիչներից պահպանվում են նաև ֆայլային սերվերներում:
ԱՄՆ-ի Երեխաների պաշտպանության ազգային ասոցիացիայի տնօրեն Գրայեր Ուիկսի խոսքով` այդպիսի դեպքերում ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել արգելված բովանդակության հեղինակներին ու տարածողներին: Այդ պատճառով ԱՄՆ-ի ոստիկանությունը դիմել է գիտության օգնությանը:
Ազգային լաբորատորիայի աշխատակիցները համաձայնվել են օգնել ու մշակել են ֆայլային սերվերներում տեղադրված բովանդակությունը վերլուծող ալգորիթմ: NewScientist-ի փոխանցմամբ` ծրագիրը հետևում է օգտագործողների IP-հասցեներին, որոնք արձագանքել են պոռնոգրաֆիայի հետ կապված որոնման արդյունքներին, և փոխանցում հասցեները ոստիկանությանը:
Ծրագիրն իրականացնում է Jaguar գերհամակարգիչը, որն աշխարհի 500 ամենահզոր համակարգերից երկրորդն է ճանաչվել:










