Կլիմայի փոփոխություններից Երկիրը կկրի տարեկան 157 մլրդ դոլարի վնաս

21:10 • 08.12.10

Կլիմայի փոփոխությունների հետ կապված տնտեսական վնասը ներկայիս տարեկան 63 մլրդ դոլարից կհասնի 157 մլրդ դոլարի (ընթացիկ գներով)։

Ծախսերի հիմնական հոգսը, ինչպես և կարելի էր ենթադրել, կընկնի զարգացած պետությունների (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա) վրա, իսկ ամենաշատ տառապանքը բաժին կընկնի աշխարհի ամենաաղքատ պետություններին, հայտնում է AFP–ն։

Այս թվերը հրապարակվել են իսպանական ոչ կառավարական DARA կազմակերպության և Կլիմայի փոփոխությունների հանդեպ առավել զգայուն երկրների ֆորումի (Climate Vulnerable Forum) համատեղ զեկույցում։

Հետազոտության մեջ գնահատվում է, թե որքանով կտուժեն 184 երկրներ 20 տարիների ընթացքում առողջության վատթարացումից, բնական աղետներից, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման ու անապատացման հետևանքով բնակության բնական միջավայրի կորստից, ինչպես նաև տնտեսական գործոններից։

Զեկույցի համաձայն՝ էկոլոգիայից սպասվող վտանգները շարունակում են նույնը մնալ. նախևառաջ խոսքը ջերմոցային գազերի արտադրման մասին է, որը հանգեցնում է երկրագնդի վրա ջերմաստիճանի բարձրացման։

Շրջակա միջավայրի խնդիրների գծով միջազգային ինստիտուտի (IIED) բրիտանացի հետազոտողՍալիմալ Խակի խոսքերով՝ առաջիկա 20 տարիների ընթացքում Երկիր մոլորակի վրա տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 0,7–ով. վերջին հարյուրամյակի ընթացքում այն արդեն բարձրացել է այդքանով։

Եթե մարդու գործունեությունը շարունակվի նույն ծավալներով, ինչպես այժմ է, ապա ապագայում մեզ սպասում է 3–4 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում, ինչը կործանարար կլինի շատերի համար, քանի որ, օրինակ, կարող է Երկրի երեսից անհետանալ Ամազոնի տրոպիկական անտառների մեծ մասը, խախտվել մուսոնային ցիկլը, իսկ հետագայում անխուսափելի դառնալ «մեծ երաշտը»։ Սակայն այս ահավոր երևույթները կարելի է կանխել, համոզված է Խակը։

 

Կլիմայի փոփոխություններից Երկիրը կկրի տարեկան 157 մլրդ դոլարի վնաս