Skype vs Google Voice. բարձր տեխնոլոգիաների պայքար
Ինտերնետային Skype հեռախոսակապի ծրագրային ապահովման մասնագետները 2011թ. 1-ին եռամսյակում կթողարկեն նոր վեբ ծառայություն, որը հնարավորություն կտա Skype-ի գործառույթներն իրականացնել հենց նրա բրաուզերում: Այս մասին հաղորդում է ամերիկյան TechCrunch տեղեկատվական կայքը:
Skype-ի օգտատերերը կունենան նույն գործառույթներով IP (Internet Protocol) հեռախոսակապ` անկախ այն հանգամանքից, թե ինչ հարթակ և ինչ սարքավորում են օգտագործում (համակարգիչ, հեռահաղորդակցորդ (communicator), պլանշետ և այլն): Ներկայում Skype-ի` տարբեր գործառնական համակարգերի համար նախատեսված ծրագրային ապահովումները տարբերվում են իրենց հնարավորություններով: Այսպես` բջջային հարթակների համար (iOS, Android, Symbian և այլն) նախատեսված Skype-ը չունի տեսահամաժողովի հնարավորություն, իսկ Windows Mobile գործառնական համակարգի համար նախատեսված Skype վեբ հաճախորդ (Web Client) առհասարակ գոյություն չունի:
TechCrunch-ի հաղորդմամբ` Web Client-ը մշակվում է HTML5-ի չափորոշիչի տեխնոլոգիաներով, ինչի արդյունքում այն կարող է օգտագործվել նաև բջջային բրաուզերների կողմից: Բացի այդ` Skype-ը նախատեսում է գործարկել հավելվածների համակարգ, որը Web Client-ին հնարավորություն կտա «համագործակցել» տարբեր սոցիալական ծառայությունների հետ: Ընդ որում` այս կապակցությամբ Skype-ը բանակցություններ է վարում սոցիալական LinkedIn ցանցի հետ:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, Skype-ի հիմնական մրցակիցը` Google-ի Google Voice ինտերնետային հեռախոսակապը, ևս ունի Web Client (բացի այդ` գոյություն ունեն Google Voice-ի ծրագրային ապահովումներ` Android սարքավորումների, BlackBerry-ի և iPhone-ի համար): Նշենք, որ ի տարբերություն լայն տարածում գտած Skype-ի` Google Voice-ը ներկայում հասանելի է միայն ԱՄՆ-ում:










