Google-ը ներկայացրեց Chrome օպերացիոն համակարգը
Սան Ֆրանցիսկոյում կազմակերպված ասուլիսի ժամանակ Google ընկերությունը ներկայացրել է Chrome օպերացիոն համակարգը, որը հիմնված է «ամպային» տեխնոլոգիայի վրա: Այն աշխատում է Cr-48 նեթբուքի վրա, ունի օնլայն ծրագրերի խանութ և Chrome բրաուզեր: Google-ի ղեկավար Էրիկ Շմիտդի կարծիքով` սա ինտերնետ գիգանտի առաջին արտադրանքն է, որը կարող է մրցակից դառնալ Microsoft-ի Windows-ին և Apple-ի Mac OS X-ին:
Chrome ՕՀ-ում կիրառվել է հաշվողականության «ամպային» տեխնոլոգիան. փաստաթղթերը, ծրագրերը և այլ տվյալները պահպանվում են ոչ թե կոշտ սկավառակներում, այլ Google-ի սերվերներում ու բեռնվում են ցանցից: ՕՀ-ի ներկայացման համար օգտագործվել է Cr-48 նեթբուքը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Chrome ՕՀ-ի բեռնման միջին ժամանակը կազմում է 60 վայրկյան, այդ մասին ասել է Google-ի արտադրանքների ղեկավարման բաժնի փոխնախագահ Սանդար Պիչայը: Նրա խոսքերով` եթե համակարգը անցնում է քնելու ռեժիմի, ապա այն «արթնանում» է վայրկենապես: Բացի այդ` ՕՀ-ն ապահովում է տվյալների ավտոմատ գաղտնագրում:
Google-ի ներկայացուցիչները չեն նշել ընկերության սեփական նեթբուքների թողարկման ամսաթվերը, բայց նշել են, որ Samsung-ի և Acer-ի Chrome ՕՀ-ով աշխատող նեթբուքները վաճառքի դուրս կգան 2011-ի կեսերին:
Chrome Web Store օնլայն խանութն աշխատում է նույն մեթոդով, ինչ որ Android Market-ը, App Store-ը և այլն: Այժմ այնտեղ տեղադրված ծրագրերը այդքան էլ շատ չեն, և նրանց մեծ մասը իրենցից ներկայացնում են հղումներ դեպի այլ կայքեր: Ծրագրերը գնելու և վճարելու համար օգտագործվում է Google Checkout համակարգը:
Chrome Web Store-ի հիմնական տարբերությունն այլ խանութներից այն է, որ ծրագրերը կարելի է բեռնել միայն Chrome բրաուզերի օգնությամբ: Բոլոր ծրագրերը բաժանված են կատեգորիաների և կարելի է դասակարգել դրանք` ըստ հայտնիության:










