Microsoft-ից կպահանջվի երկու տարի` Google-ին և Apple-ին հասնելու համար
Microsoft-ի փոխնախագահ Ջո Բելֆիորը` Windows Phone Program Management-ի ուղղության ղեկավարը, D:Dive into Mobile միջոցառման ժամանակ հայտարարել է, որ կպահանջվի մոտ երկու տարի, որպեսզի բջջայինների շուկայում Microsoft-ը հասնի Apple-ին և Google-ին:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, լրագրողների հարցին, թե ինչ հաջողություններով են ընթանում Windows Phone 7-ի վաճառքները, Բելֆիորը խուսափող պատասխան է տվել` ասելով միայն, որ ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի վաճառքները հասնեն առավելագույնի: Բելֆիորը նաև նշել է, որ ընկերությունը դեռ պատրաստ չէ ներկայացնել ինչ-որ կոնկրետ թվեր, և որ դրա համար դեռ վաղ է:
Միաժամանակ լրագրողները փորձել են իմանալ վաճառքի արդյունքները Microsoft-ի մեկ այլ գլխավոր մենեջերից` Windows Phone 7 Devoloper Ecosystem-ի ղեկավար Չարլի Կինդելայից, սակայն նա նույնպես հրաժարվել է պատասխանել:
Gartner-ի տվյալներով` 2010-ի երրորդ շրջանում Microsoft Windows Mobile-ի մասնաբաժինը շուկայում կրճատվել է՝ հասնելով 2.8%-ի, անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը 7.9% էր: Android-ի մասնաբաժինը 3.5%-ից հասել է 25.5%-ի, Apple iOS-ինը 17.1%-ից նվազել է 16.7%:










