WikiLeaks-ի կողմնակիցները հարձակվել են Սառա Փեյլինի կայքի վրա
WikiLeaks-ի կողմնակիցները շարունակում են սկանդալային կայքի «թշնամիների դեմ» օնլայն պայքարը՝ գրոհելով Ալյասկայի նախկին նահանգապետ և ԱՄՆ–ի փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի կայքը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Washington Post թերթը։
Փեյլինի խոսքերով՝ այսպես կոչված Operation Payback խմբի մեջ ընդգրկված հաքերները, որոնք աջակցում են WikiLeaks–ին, փորձել են «քանդել» իր պաշտոնական կայքը՝ հասնելով նրա անձնական տեղեկությանը, այդ թվում՝ Փեյլինի կանխավճարային քարտի տվյալներին։
Ինչպես նշում է պարբերականը, գրոհի պատճառ կարող էին լինել Facebook–ի իր էջում Փեյլինի սուր խոսքերը WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հասցեին, Ասանժին անվանել է «ձեռքերն արյունոտ հակաամերիկյան գործիչ» և վրդովվել՝ ինչու է որպես իր բացահայտումների թիրախ Ասանժն ընտրել հենց ԱՄՆ–ն, այլ ոչ թե, օրինակ, «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորումը։
Նշենք նաև, որ երեկ WikiLeaks–ի կողմնակիցները գրոհել են միջազգային Visa և MasterCard վճարային համակարգերի կայքերը։










