Այսօր կհանձնվեն Նոբելյան մրցանակները. Լյու Սյաոբոյի մրցանակը ոչ ոք չի ստանա
Այսօր Շվեդիայի և Նորվեգիայի մայրաքաղաքներում տեղի կունենա Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը և տոնական ճաշկերույթ՝ դափնեկիրների և հյուրերի համար։
Միջոցառումն, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը. Նոբելը մահացել է 1896 թ. դեկտեմբերի 10–ին։
Այս տարվա արարողությունը թվով 109–րդն է։ Նոբելյան մրցանակը հանձնվում է 6 ասպարեզում, յուրաքանչյուր ասպարեզի համար նախատեսված մրցանակի չափը 10 մլն շվեդական կրոն է՝ 1,46 մլն դոլար։
Այս տարվա Նոբելյան մրցանակի 11 դափնեկիրներից 9–ը իրենց մրցանակները կստանան Ստոկհոլմի Ֆիլհարմոնիայում, որտեղ Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16–րդը նրանց կհանձնի պատվավոր դիպլոմ և մրցանակի հիմնադրի պատկերով ոսկե մեդալ։
Մրցանակակիրների թվում են.
Անգլիայում աշխատող ծագումով ռուս Կոնստանտին Նովոսելովը և Անդրեյ Գեյմը, որոնք ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացան՝ գրաֆենը ստեղծելու համար։
Ամերիկացի Ռիչարդ Հեքը և ճապոնացիներ Էյ Իչի Նեգիշին և Ակիրո Սուզուկին, որոնք քիմիայի բանագավառում մրցանակի արժանացան՝ օրգանական սինթեզում պալլադիումե կատալիզատորներ ստեղծելու համար։
Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում Նոբելյան 2010 մրցանակակիրն է արտաարգանդային բեղմնավորման հեղինակ Ռոբերտ էդվարդսը։ Վերջինս առողջական խնդիրների պատճառով ներկա չի լինի միջոցառմանը, նրա փոխարեն կինը կստանա այդ մրցանակը։
Ամերիկացիներ Պիտեր Դայմոնդը, Դեյլ Մորթենսենը և Քրիստոֆեր Պիսարիդեսը (Կիպրոս), որոնք «կարգավորիչների և տնտեսական քաղաքականության գործողությունների ազդեցությունը գործազրկության, թափուր աշխատատեղերի և աշխատավարձի վրա» ուսումնասիրության համար արժանացան Տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի։
Պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան, որը չորրորդ լատինաամերիկացի գրողն է, որ Նոբելյան մրցանակի է արժանանում գրականության ասպարեզում, այս անգամ մրցանակի է արժանացել գրականության մեջ անհատի ընդդիմության, ապստամբության և պարտության վառ կերպարների համար։
Խաղաղության նոբելյան մրցանակը կհանձնվի Օսլոյոմ, որտեղ տեղի կունենա այսպես կոչված Խաղաղության նոբելյան մրցանակի վիրտուալ հանձնման արարողոթյունը։
Հիշեցնենք, որ Խաղաղության ասպարեզում 2010թ. Նոբելյան մրցանակին հոկտեմբերի 8–ին արժանացավ քաղբանտարկյալ, չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։ Սյաոբոն կդառան միակ դափնեկիրը, որին ոչ միայն թույլ չտվեցին մասնակցել միջոցառմանը, այլ նաև թույլ չեն տվել, որ այդ մրցանակը ստանան նրա մերձավորներն և հարազատները։
Չնայած այն հանգամանքին, որ չկա որևէ մեկը, որ ստանա խաղաղության մրցանակը, այդուհանդերձ Նորվեգիայի նոբելյան կոմիտեն չի հրաժարվել հանձնման արարողությունը անցկացնելու ավանդույթից և որոշել է այս անգամ դա վերածել քաղաքացիական ակցիայի. դահլիճում, որտեղ տեղի է ունենում հանձնման հանդիսավոր արարողությունը, դրված կլինի կլինի դատարկ աթոռ՝ վրան Սյաոբոյի մեծ նկարը։ Իսկ ավանդական ելույթի փոխարեն, սպասվում է, որ դերասանուհի Լիվ Ուլմանը կներկայացնի Լյու Սյաոբոյի աշխատություններից առավել վառ հատվածներ։










