Շահագործման է հանձնվել Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով

15:52 • 15.12.10

Orange-ը շահագործման է հանձնում Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով: Հայաստանի առաջին ամբողջովին «արևային» բազային կայանը գտնվում է Սյունիքի մարզում` Լիճք գյուղից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, Քաջարան-Մեղրի մայրուղուց ոչ հեռու:

Կայանը չունի սնուցման այլընտրանքային տարբերակ և ի տարբերություն այլ կայանների` չի սնվում ոչ էլեկտրական ցանցից և ոչ էլ վառելիքով: Արևային սնուցմամբ աշխատող կայանը էկոլոգիապես մաքուր է ու խնայում է ոչ միայն էլեկտրաէներգիան և բացառում դրա հետ կապված ծախսերը, այլ նաև ամբողջովին ինքնուրույն է կառավարվում և կարող է կառուցվել նույնիսկ ենթակառուցվածքներից, մասնավորապես` էլեկտրական էներգիայի աղբյուրներից հեռու գտնվող վայրերում:

Կայանի կառուցման գործում Orange-ը համագործակցել է ֆրանսիական Tenesol կազմակերպության հետ: Orange-ի «արևային ծրագիրը» մեկնարկել է 2007 թ.-ին Սենեգալում Ժան-Մարի Գարսիայի` Orange Արմենիայի ներկայիս տեխնիկական տնօրենի ղեկավարությամբ: Orange-ի 13 երկրներում մինչև օրս կառուցվել և գործում են մոտ 900 «արևային» կայաններ:

«Էներգիայի այլընտրանքային վերականգնվող աղբյուրների օգտագործման խթանումն Orange-ի կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է ողջ աշխարհում: Այս կայանը հեռահաղորդակցության և արևային էներգիայի ամենաարդիական տեխնոլոգիաների համակցումն է և առաջին «արևային» կայանն է Հայաստանում, որը լիովին անկախ է էներգիայի այլ աղբյուրներից : Orange-ի «արևային ծրագրի» նպատակն է նախագծել և շահագործել ինժեներական նորարար այնպիսի լուծումներ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և տեխնոլոգիական նորարարությունը ծառայեցնում բնապահպանական խնդիրների երկարատեւ լուծմանը»,- ասել է Orange-ի Տեխնիկական գծով տնօրեն Ժան-Մարի Գարսիան:

Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր արևային բազային կայան թույլ է տալու տարեկան խնայել առնվազն 35 տոննա CO2 և 13,000 լիտր վառելիք:

Արևային բազային կայանների կառուցումը Orange-ի` շատ ավելի ընդարձակ «կանաչ» ռազմավարության կարևորագույն և խորհրդանշական մասն է, որի նպատակն է մինչև 2020թ. կրճատել ընկերության կողմից CO2-ի արտանետումները 20%-ով, իսկ էներգիայի օգտագործումը` 15%-ով:

«Կայանը սնվում է բացառապես արևի էներգիայով, իսկ համակարգը կառուցված է այնպես, որ այն մառախուղի կամ ձյան ժամանակ կարող է ինքնուրույն գործել մինչև 5 օր: Կայանը նաև չի պահանջում սպասարկման կամ շահագործման ոչ մի առանձին ջանք կամ ներդրում` բացառությամբ ժամկետանց կուտակիչ մարտկոցների փոխարինումը նորերով յուրաքանչյուր 5-7 տարին մեկ անգամ»,- ասել ՝ Հայաստանում «արևային» նախագծի ղեկավար Վահագն Եղոյանը:

Orange և Tenesol ընկերությունները «արևային» նախագծի համար 2010թ. պարգևատրվել են «Նորարարություն կանաչ էներգիայի համար» մրցանակով` հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների ամենահեղինակավոր Global Telecoms Business Innovation Awards մրցանակաբաշխությանը:

Շահագործման է հանձնվել Հայաստանում շարժական կապի առաջին բազային կայանը, որն աշխատում է բացառապես արևի էներգիայով