2010թ. լավագույն գաջեթները՝ ըստ Time-ի
Apple-ի iPad պլանշետը, ըստ ամերիկյան Time հանդեսի, 2010թ. լավագույն գաջեթն է: Իր ընտրությունը հանդեսը բացատրել է այն հանգամանքով, որ լինելով ոչ առաջին պլանշետային համակարգիչը, iPad-ը կարողացել է դառնալ այս դասի ամենահաջող սարքավորումներից մեկը (կանխատեսվում է, որ մինչև 2010թ. տարեվերջ կվաճառվի 13,8 մլն) և ներկայացրել է զանգվածային լրատվամիջոցների նոր ձևաչափ` պլանշետային համակարգիչների համար ինտերակտիվ հավելվածների տեսքով: Time-ի վարկանիշում iPad-ին հաջորդում է Samsung Galaxy S ֆլագմանյան սմարթֆոնը` հետևում թողնելով iPhone-ին:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, 2010թ. Samsung Galaxy S-ը դարձել է վաճառքների համաշխարհային բարձր ցուցանիշներ արձանագրած Android սմարթֆոնը (5 մլն): Ըստ Time-ի` 3-րդ տեղում MacBook Air նոութբուքներն են` 11-դյումյանոց էկրանով և 1 կգ կշռով: 4-րդ հորիզոնականում է Logitech Revue հեռուստահավելվածը` Google TV-ի բազայով, 5-րդում` Google Nexus One Android սմարթֆոնը, իսկ 6-րդում` Apple-ի iPhone4-ը: 7-րդում կրկին Apple-ի արտադրանք է` Apple TV հեռուստահավելվածը, 8-րդում` երկէկրանանոց Toshiba Libretto W100 նոութբուքը, 9-րդում` Microsoft Kinect-ը, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է էլեկտրոնային գրքերի ընթերցանության համար նախատեսված Nook Color սարքավորումը:










