«Ա1+»-ի փաթեթում կեղծիքնե՞ր կան

11:43 • 16.12.10

ՀՌԱՀ-ում այսօր կայացած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1-18 մրցույթային հայտերի վարկանիշային քվեարկությունից և լիցենզավորված անձանց ընտրությունից հետո հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հանդիպեց լրագրողներին։

Պատասխանելով «Ա1+» հեռուստաընկերությանը հերթական անգամ հեռուստաեթեր չտրամադրելու վերաբերյալ հարցին՝ Ամալյանը նշեց, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերում և հայտում հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում հայտնաբվերվել են կեղծ և անհայտ անձանց կողմից կազմված փաստաթղթեր։ Մասնավորապես, «Մելտեքս» ՍՊԸ-ն հայտում նշել է, որ իրեն աջակցություն են ցուցաբերելու միջազգային երկու հեղինակավոր ընկերություններ։ Սակայն, ըստ Ամալյանի, իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ դրանցից մեկի կնքված փաստաթղթերում կնիքի վրա նված է եղել այլ անուն։ Հենց այս անհամատեղելիությունն էլ հանձնաժողովին դրդել է հարցում կատարել այն երկրների պատկան մարմիններին, որտեղ, ըստ «Մելտեքս» ՍՊԸ-ի, գործել են այդ ընկերությունները՝ Մեծ Բրիտանիա և Բելիզ։ Մեծ Բրիտանիայից տեղեկացրել են, որ իրենց երկրում ոչ փաթեթում, ոչ էլ կնիքի վրա նշված անուններով ընկերություններ չեն գործում։

Երկրորդ դեպքում պարզվել է, որ նշված ընկերությունն արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն չունի։ Բացի այդ, մրցութային փաթեթում նշված է եղել, որ մի խումբ բարերարներ պատրաստակամ են «Ա1+»-ին 280 հազար եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրել։ Այդ փաստաթղթի տակ նշված է եղել «Աննա Տանիելյան», սակայն, ըստ Ամալյանի, փաստաթուղթը ստորագրված և կնքված չի եղել։

«Բիզնես ծրագրում առկա կեղծիքները վկայում են, որ ընկերությունը հնարավորություն չունի իրականացնելու իր ծրագիրը։ Ընկերությունը նախատեսում է միջոցների ներգրավում, որը, փաստորեն, չունի»,- նշեց Ամալյանը։ Ըստ նրա՝ ինքը ոչ թե մեղադրանքներ է հնչեցնում «Մելտեքս» ՍՊԸ-ի հասցեին, այլ ընդամենը «մեղմորեն ներկայացնում է ստաղծված իրավիճակը»։ Միաժամանակ Ամալյանը նշեց, որ մրցույթին մասնակցած մյուս հեռուստաընկերությունների հայտերում նույնպես հայտնաբերվել են խախտումներ, որոնց հաձնաժողովը կանդրադառնա ավելի ուշ։

Այն հարցին, թե հանձնոժողովն արդյոք մտավախություն չունի՞, որ «Ա1+»-ին հերթական անգամ եթեր չտրամադրելը կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը, Ամալյանը հարցով պատասխանեց. «Եթե որևէ ընկերություն, ենթադրենք, չունի մրցակիցներ, բայց բերել է ծրագիր, որի ապահովման համար չունի անհրաժեշտ միջոցներ, դուք ի՞նչ կանեիք»։ Ամալյանը նշեց, որ հանձնաժողովը քաղաքական մարմին չէ, և չի զբաղվում այնպիսի հարցերով, որոնք առնչվում են միջազգային կառույցներում Հայաստանի հեղինակությանը։

Այսօրվա մրցույթում հանրապետական սփռման լիցենզիա ստացան 5 հեռուստաընկերություններ՝ «Արմենիա», «Շանթ», «Հայկական 2-րդ հեռուստաալիք», «Կենտրոն» և «Երկիր Մեդիա»։ Այս հեռուստաընկերությունների օգտին հանձնաժողովի բոլոր 8 անդամները միաձայն 6-ական միավոր նշանակեցին։ Արդյունքում 1-5 մրցույթներում բոլորն էլ 48-ական միավոր ստացան։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները վերոնշյալ հեռուստաընկերություններին միևնույն գնահատականը նշանակեցին, Ամալյանը նշեց. «Որոշ մարդիկ նույն կարծիքն ունեն միևնույն հարցերի վերաբերյալ»։

 

«Ա1+»-ի փաթեթում կեղծիքնե՞ր կան