Յուլյա Տիմոշենկոյի դեմ քրգործ է հարուցվել
Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել երկրի նախկին վարչապետ, «Батькивщина» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Интерфакс–ը, հայտնել է ինքը՝ Տիմոշենկոն, Գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչությունում հարցաքննվելուց հետո։
Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավարը մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված միջոցները վատնելու համար։ Ըստ Տիմոշենկոյի՝ հետաքննությունը պնդում է, որ տնտեսական ճգնաժամի ժամանակ այդ միջոցներն ուղղվել են կենսաթոշակներ վճարելուն։
Ինչպես հայտնում է «Украинская правда»–ն, Տիմոշենկոն հերքել է իրեն ուղղված մեղադրանքները։
«Մասնագետների համար բավական է մեկ րոպե՝ տեսնելու, որ «էկոլոգիական» փողերի փոխանցման ժամանակ որևէ վճարում չի կատարվել։ Կենսաթոշակները վճարվել են, բայց ոչ «էկոլոգիական փողերի» հաշվին»,– ասել է նա։
«Батькивщина»–ի առաջնորդը դատախազության գործողությունները որակել է որպես «ընդդիմության դեմ իրականացվող ահաբեկություն»։










