Google-ին նախազգուշացրել են. հնարավոր է, որ Ֆրանսիան մնա առանց որոնողական հսկայի
Ֆրանսիայի Autorite de la concurrence հակամենաշնորհային ծառայությունը 10 ամսվա ընթացքում ուսումնասիրել է ինտերնետային որոնողական ցանցերի գովազդային շուկայում մրցակցային միջավայրը և եկել այն եզրակացության, որ այստեղ Google ինտերնետ հսկան գերակայող դիրքեր ունի: Ըստ Autorite de la concurrence-ի պաշտոնական հաղորդագրության` Google-ի գործունեությունը Ֆրանսիայի տարածքում կարող է սահմանափակվել` մրցակցության պաշտպանության ֆրանսիական օրենքի համաձայն, ինչի արդյունքում հակամենաշնորհային կառույցը հարկադրված չի լինի սեկտորի կարգավորման համար նոր կանոններ սահմանել: Միաժամանակ, սա կլինի պատասխան` ուղղված շուկայի մյուս խաղորդների հարցերին: Ըստ միջազգային Strategy Analytics-ի տվյալների` Google-ը զբաղեցնում է ինտերնետային որոնողական ցանցերի ֆրանսիական շուկայի 90%-ը և համաշխարհային շուկայի 43%-ը:
Նշենք, որ Autorite de la concurrence-ը Ֆրանսիայում ինտերնետային գովազդների շուկայի ուսումնասիրությունն իրականացրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և աշխատանքի տեղավորման նախարարությունների հանձնարարությամբ` սկսած ընթացիկ տարվա փետրվարից: Ուսումնասիրության համար հիմք են ծառայել մի շարք ընկերությունների ներկայացրած բողոքները: Ըստ դրանց` Google-ն այս ընկերություններին երկարաժամկետ բացառիկ պայմանագրեր է պարտադրել, երբ վերջիններս գովազդ են պատվիրել որոնողական ցանցում:
Ըստ Autorite de la concurrence-ի` Google-ը ոչ պատշաճ եղանակներ է օգտագործել` իր մրցակիցներին շուկայից դուրս մղելու կամ նրանց գործունեությանը վնաս հասցնելու նպատակով: Թեև Autorite de la concurrence-ը Google-ի նկատմամբ պատժամիջոցներ դեռ չի կիրառել, սակայն ընկերությանը խորհուրդ է տրվել շուկայի մյուս մասնակիցների հետ հարաբերություններում առավել «թափանցիկ» լինել: Ըստ Google-ի` այս ուսումնասիրությունը խորհրդատվական բնույթ ունի և չի կարող էական դեր խաղալ ընկերության գործունեության օրինականության որոշման հարցում: Նշենք, որ հակամենաշնորհային ծառայության ուսումնասիրությունը կատարման պարտադիր բնույթ չի կրում, սակայն այն առավել հանգամանալից կերպով կուսումնասիրվի Եվրահանձնաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը որոնողական հսկայի գործունեության նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել դեռ ընթացիկ տարվա փետրվարին` կանադական Ciao ու բրիտանական Foundem ընկերությունների կողմից Google-ի դեմ բողոք ներկայացնելուց հետո, և առանձին ուսումնասիրություն է սկսել:
«Կապիտալ» օրաթերթ










