Գերմանացի բնապահպանները գամվել են երկաթգծին՝ կանգնեցնելով ռադիոակտիվ թափոններով բեռնված գնացքը

17:00 • 17.12.10

Ձյան տեղումն ու ցուրտը չեն խանգարել գերմանական էկոլոգիական շարժմանը մի քանի ժամով դադարեցնել ռադիոակտիվ թափոններ տեղափոխող գնացքի ընթացքը։ Ակցիան անցկացվել է ոչ հեռու այն վայրից, որտեղ տեղափոխվում էին թափոնները. պահեստարանը գտնվում է Գերմանիայի հյուսիս–արևելյան հատվածի Լյուբմին քաղաքում։ Գնացքը ժամանում էր ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքից։

Շարժման 2 ակտիվիստներ «գամվել են» երկաթգծին։
«Մինչև հիմա որոշում չի ընդունվել ռադիոակտիվ նյութերը պահելու նպատակով վերջնական մի վայր ստեղծելու մասին, կամ այդօրինակ վտանգավոր պահեստարանի համար ընդհանրապես տեղ չկա։ Մեր կարծիքով՝ դա ճիշտ չէ»,–ասել է ակտիվիստներից մեկը։
Ոստիկանության տվյալներով՝ շարժման 150–200 ակտիվիստներ փորձել են խափանել գնացքի ընթացքը։ Դեպքի վայր է ուղարկվել մոտ 10 000 ոստիկան՝ գնացքը հսկելու և ցուցարարներից ազատելու ճանապարհները։ Հաղորդվում է, որ գնացքը հասել է նշանակված վայր։

Էկոլոգիական շարժման անդամները վստահեցնում են, որ Ռոստոկի և Շտրալզունդի միջև գտնվող պահեստարանը, որը նախկինում շահագործվում էր ատոմակայանների կողմից, չի համապատասխանում անվտանգության պահանջներին, իսկ ռադիոակտիվ նյութերը չեն կարող պահվել դարեր շարունակ։

Գերմանացի բնապահպանները գամվել են երկաթգծին՝ կանգնեցնելով ռադիոակտիվ թափոններով բեռնված գնացքը