Forbes–ը հրապարակել է «հարստացնող» գրքերի անունները
Forbes ամսագիրը թվարկել է 15 գրքերի անունները, որոնք կարող են հարստացնել ոչ միայն դրանց հեղինակներին, այլև՝ այդ գրքերի ընթերցողներին, քանի որ իրենցից ներկայացնում են կապիտալի կառավարման կատարյալ վերլուծություն, հայտնում է «Ռիա նովոստին»։
Berkshire Hathaway–ի ղեկավար Ուորեն Բաֆեթը կրկին հաստատել է ներդրումային առաջնորդի իր տիտղոսը։ Նրա «Դասեր կորպորատիվ Ամերիկայի համար» գիրքը, որը հրատարակվել է Cunningham Group–ի կողմից, համալրել է իմաստության գանձատուն ճանաչված թոփ աշխատությունների շարքը, որոնք նախատեսված են Ուոլ Սթրիտի վրա իրենց բախտը փորձողների համար։
Գիրքը կազմված է Բաֆեթի՝ իր ընկերության բաժնետերերին ուղղված նամակներից, որոնք գրված են էսսե ժանրով։
Բեստսելերների ցուցակում, որոնք կարող են իրենց լրջամիտ ընթերցողին բերել միլիոնավոր դոլարներ, նաև տեղ են գտել «Փոքրիկ գիրք, որն ընդունակ է հաղթել շուկան» աշխատությունը, որը գրել է «Gotham Capital» ներդրումային ընկերության հիմնադիր Ջոել Գրինբլատը, Ֆիլիպ Ֆիշերի «Սովորական բաժնետոմսեր և արտասովոր շահույթ», Բեն Գրեհեմի «Խելամիտ ներդրող» գրքերը։
Forbes–ի ցուցակի մեջ է ընդգրկվել նաև այս շրջանակի ընթերցողների համար Մեթյու Շիֆրինի ոչ այնքան սովորական «Ուորեն Բաֆեթի հարևանությամբ. համաշխարհային ականավոր ներդրողներ, որոնց մասին դուք ոչինչ չեք լսել, սակայն որոնցից կարելի է շատ բան սովորել» աշխատությունը։ Այն իրենից ներկայացնում է ամենասովորական մարդկանց պատմություններ, ինչպես օրինակ՝ բեռնատարի վարորդի, աշխատանքից ազատված դիջեյի, որոնք կարողացել են կապիտալ ստեղծել իրենց տաղանդի ու գաղափարների շնորհիվ։










