Հայկական «Վերաբեռնավորում» թիմը հայտնվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի լավագույն 40 թիմերի ցանկում

15:46 • 20.12.10

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին մասնակցող հայաստանյան թիմերից մեկը հայտնվել է այդ խաղի աշխարհի լավագույն 40 թիմերի կազմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նախարարությունն ընթացիկ տարում աջակցել է ինտելեկտուալ այդ շարժմանը։

««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի՝ 2010թ. դեկտեմբերի 1–ի դրությամբ կազմած վարկանիշով ՀՀ թիմերից մեկը՝ «Վերաբեռնավորում»–ը, առաջին անգամ ինտելեկտուալ շարժման պատմության մեջ մտել է աշխարհի լավագույն 40 թիմերի շարքը՝ գրավելով 40–րդ տեղը և արժանանալով փորձագետների կողմից բարձր գնահատանքի»,– ասաց կրթության և գիտության նախարարը հավելելով, որ 2010թ. դրությամբ այդ թիմը համարվում է Հարավային Կովկասի ուժեղագույն թիմը։

«Շատ քիչ մարզաձևերից և շատ քիչ ձևերից մենք ունենք նման հաջողություններ։ Մանավանդ, որ հաշվարկում ես վարկանիշն ըստ երկրների, ապա Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Իսրայելից հետո Հայաստանի ցուցանիշը 5–րդն է»,– ասաց Արմեն Աշոտյանը։

Հայկական «Վերաբեռնավորում» թիմը հայտնվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի լավագույն 40 թիմերի ցանկում