Հայաստանը կդառնա հեռահաղորդակցային գրավիչ ենթակառուցվածք ունեցող երկիր. Երևանում գործարկվել է 4G ցանցը

18:33 • 20.12.10

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է Հայաստանում 4G/LTE ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկման մասին: LTE գործարկումը Երևանում (կենտրոնում և Արաբկիրում) Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կողմից երկրի ամբողջ տարածքում 4G/LTE սերնդի ցանցի ներդրմանն ուղղված առաջին քայլն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի փորձարկելու 4G տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները նախքան ցանցի` հանրապետության ամբողջ տարածքում լայնամասշտաբ գործարկումը:

4G ցանցի գործարկման պաշտոնական արարողության ընթացքում, որին ներկա են եղելՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը և այլ պաշտոնյաներ, LTE մոդեմների միջոցով կատարվել է ցանցում տվյալների ներբեռնման և վերբեռնման հոսքերի փորձարկում իրական ժամանակում: Տեսականում ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` 50 Մբիթ/վրկ:

Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «ՄՏՍ-Ուզբեկիստան» ընկերությունների միջև երկկողմանի 4G ռոումինգ ծառայությունների մատուցման համաձայնագրի ստորագրման մասին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի առաջին ընկերությունն է, որը կմատուցի 4G/LTE տեխնոլոգիայի ցանցում տվյալների փոխանակման ռոումինգի ծառայություն: 4G ցանցի գործարկումը Երևանում հնարավոր է դարձել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային երկու առաջատարների` «Ericsson» և «Huawei» ընկերությունների աջակցությամբ, ինչի շնորհիվ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարողացել է ցանցը գործարկել ամբողջապես կոմերցիոն գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով:

««ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից գործարկված LTE տեխնոլոգիայի շնորհիվ Հայաստանը դասվում է աշխարհի այն հատուկենտ երկրների շարքը, որտեղ ներդվել է 4G ցանց: Ավելին, 4G-ի գործարկման շնորհիվ, ինչպես ակնկալվում է, Հայաստանը կդառնա հեռահաղորդակցային գրավիչ ենթակառուցվածք ունեցող երկիր»,- հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունն այս նվաճումը նվիրում է աշխարհի բոլոր հայերին: «Մենք` որպես գործին նվիրված թիմ, չափազանց հպարտ ենք, որ կրկին կատարեցինք մեր խոստումը և ներկայացրեցինք աշխարհում բոլորովին նոր տեխնոլոգիա` նպատակ ունենալով Հայաստանի բնակչությանը տրամադրել տվյալների շարժական լայնաշերտ փոխանցման անգերազանցելի և աննախադեպ ծառայություններ և հնարավորություններ»,- ընդգծել է Յիրիկյանը։

Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի` LTE տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցել որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որպես նորարարական ընկերություն, համագործակցում է տեխնոլոգիաներ և լուծումներ առաջարկող աշխարհի առաջատար ձեռնարկությունների հետ:

Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 10-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դիմումը 4G/LTE տեխնոլոգիայով շարժական հեռահաղորդակցության ցանցի կառուցման վերաբերյալ` թույլ տալով ընկերությանը մինչև 2019 թ. նոյեմբերի 4-ն օգտագործել 40 ՄՀց լայնությամբ ռադիոհաճախականությունների հատվածը: Հանձնաժողովի որոշմամբ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պարտավոր է LTE ցանցը կոմերցիոն շահագործման հանձնել մինչև 2011թ. մարտի 1-ը:

Հայաստանը կդառնա հեռահաղորդակցային գրավիչ ենթակառուցվածք ունեցող երկիր. Երևանում գործարկվել է 4G ցանցը