Մասնագետներն առաջարկում են ազատականացնել հեռարձակման ոլորտը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը մշակել է հեռարձակման թվայնացման վերաբերյալ այլընտրանքային առաջարկությունների փաթեթ։ Այս մասին այսօվա ասուլիսում տեղեկացրեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով, որ իրենք սուր քննադատության էին ենթարկել հեռարձակման թվայնացմանն անցնելու վերաբերյալ հայեցակարգը։
Ըստ Մելիքյանի՝ այդ հայեցակարգն ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքը չեն լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները։
Առաջարկությունների փաթեթի հիմքում հեռարձակման ոլորտի ազատականացման գաղափարն է դրված։ «Այդ ճանապարհով է գնում ժամանակակից աշխարհը։ Եթե նախկինում ասվում էր, որ հեռարձակման մրցույթները շատ կարևոր են, ապա տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, երբ արբանյակային, ինտերնետային և կաբելային հեռարձակման ձևերը զարգանում են, հասարակությունն ընտրության լայն հնարավորություն է ունենում, և հետևաբար պետք է ազատականացնել շուկան»,– նշեց Մելիքյանը։
Մասնագետներն առաջարկում են հեռարձակողին տալ պարզ ընթացակարգով լիցենզիա, որից հետո նա կորոշի՝ մասնակցե՞լ կապուղիների պետական մրցույթներին, թե՞ ընտրել ինտերնետային, կաբելային կամ արբանյակային հեռարձակման ձևերը։
Երեսունմեկ էջից բաղկացած փաստաթղթի առաջին մասում ներկայացված է ոլորտի օրենսդրությունը և դրա մանրամասն վերլուծությունը, օրենսդրական առաջարկությունները։
Փաթեթով առաջարկվում է մրցույթներ անցկացնել միայն պետական կապուղիներով հեռարձակման համար։ «Այսօրվա գործող օրենքով սահմանված է՝ լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը ՀՀ տարածքում հեռարձակման իրավունք է տալիս։ Այսինքն՝ սահմանափակում է դնում, մենք «ՀՀ տարածք» բառերը հանել ենք»,– նշեց Մելիքյանը։
Առաջարկվում է նաև պետական շահագործման կապուղիներով հեռարձակման մրցույթների փաթեթները հանրային քննարկման դնել, որպեսզի հասարակությունը նույնպես մասնակցություն ունենա մրցույթի արդյունքների ձևավորմանը։
Մասնագետներն առաջարկում են նաև փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում։
Առաջարկությունների փաթեթը կներկայացվի խորհրդարան, կառավարություն, միջազգային կազմակերպություններին և այլ կառույցների։
Մյուս տարվանից սկսվելու են փաթեթի քննարկումները, ինչի արդյունքում փաստաթուղթը կկատարելագործվի։ Փաթեթի հեղինակները հույս ունեն, որ այն գործածության մեջ կդրվի։










