«Լեզվի մասին» օրենքի ընդունմամբ մենք կխուսափենք օտարացման ռիսկերից. ԱԺ նախագահ

14:45 • 21.12.10

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր շարունակվեց երեկվանից սկսված «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը, որն անցնում է բավականին թեժ մթնոլորտում: Նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ «Հանրակրթության մասին» օրենքում երեկ ներկայացված լրացման քննարկումը կատարվել է «ԱԺ Կանոնակարգ» օրենքի խախտմամբ:

«Ես ուզում եմ տեղեկացնել, որ մենք երկրորդ ընթերցումը սկսել ենք ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումով, որովհետև չընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի առաջին հոդվածի փոփոխություններն առաջին ընթերցմամբ` մենք, ըստ էության, չընդունված բանը երկրորդ ընթերցմամբ քննարկել ենք: Եվ «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է չկազմակերպել քվեարկությունը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով պատգամավորի հայտարարությանը, շեշտեց, որ կանոնակարգ օրենքի խախտում չի եղել: Փոքրիկ վեճից հետո «Հանրակրթության մասին» օրենքում երեկ առաջին ընթերցման համար ներկայացված լրացումը դրվեց քվեարկության և ընդունվեց: Հիշեցնենք, որ հիշյալ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել հասկացություններ 4 տարբեր կրթական ծրագրերի մասին:

Պատգամավորներն անցան «Լեզվի մասին» օրենքի քննարկմանը, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ինքն առաջարկել էր վերանայել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծերը: «Ներկայացված օրենսդրական փաթեթում ներառված են իմ բոլոր առաջարկությունները: «Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը բովանդակային առումով ամբողջովին տեղավորվում է հնչեցրած մոտեցումների տրամաբանության մեջ: Այն իրավական առումով անխոցելի է և ավելի գրագետ է դարձնում օրենսդրական փաթեթը»,- հայտարարեց օրենսդիր մարմնի ղեկավարը:

ԱԺ նախագահը շեշտեց, որ այլընտրանքային և միջազգային կրթությունն իրականացվելու է ձևավորված հայեցի լեզվամտածողության հիման վրա և անկախ հանրակրթական ծրագրերից և ուսումնական ձևից` հայ մարդու, ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների՝ հայերենով ուսուցումը լինելու է պարտադիր:

«Համոզված եմ, որ օրենքն ընդունելով ` մենք մի կողմից պահպանելով մեր ազգային նկարագիրը, զարգացնելով մեր լեզուն, կխուսափենք հերթական ձուլման և օտարացման ռիսկերից, մյուս կողմից` կրթության կազմակերպման հարցում կլինենք ավելի ճկուն, միջազգային կրթական լավագույն ծրագրերին ավելի ընդունակ և մրցունակ»,- ասաց ԱԺ նախագահը:
 

«Լեզվի մասին» օրենքի ընդունմամբ մենք կխուսափենք օտարացման ռիսկերից. ԱԺ նախագահ