Ռուսաստանն ու Հնդկաստանը կստեղծեն հինգերորդ սերնդի կործանիչ

19:36 • 21.12.10

Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել հինգերորդ սերնդի կործանիչի էսքիզատեխնիկական նախագծի մշակման մասին, որը կստեղծվի ռուսական Т-50–ի հիման վրա։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հնդկաստան այցելության արդյունքում։ Համատեղ նախագծի ֆինանսական ծախսերը դեռևս հստակ սահմանված չեն։ Ակնկալվում է, որ կործանիչի առաջին նախատիպը երկինք կբարձրանա 5 տարուց։

Ավելի վաղ հնդկական և ռուսական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ համատեղ նախագծի ընդհանուր գնահատող արժեքը կազմում է 8-9 միլիարդ դոլար։ Հնդկական Hindustan Aeronautics ընկերության գնահատմամբ, որը մասնակցություն է ունենալու ինքնաթիռի ստեղծմանը, էսքիզային աշխատանքների ֆինանսավորման համար կպահանջվի մոտ 295 միլիոն դոլլար։ Նոր ինքնաթիռը Հնդկաստանում կստանա FGFA (Fifth Generation Fighter Aircraft) անվանումը։

Մասնավորապես, ենթադրվում է, որ HAL–ը զբաղվելու է հեռանկարային կործանիչի համակարգչի ստեղծմամբ։ Բացի այդ, Հնդկաստանը FGFA–ի համար մշակում է նավիգացիոն համակարգերը, օդաչուի խցում ինֆորմացիոն դիսփլեյների մեծ մասը և անվտանգության համակարգը։ Մնացած աշխատանքները իրականացնելու է ռուսական «Сухой» ընկերությունը։ Հնդկաստանի համար ստեղծվելու է կործանիչի երկտեղանի մոդիֆիկացիա։

2010թ. հոկտեմբերի սկզբին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր մարշալ Պրադիպ Վասանտ Նաիկը հայտարարել է, որ 2017 թվականից իրենք մտադիր են ձեռք բերել 200–250 հինգերորդ սերնդի կործանիչներ։ Չնայած այն բանին, որ հնդկական FGFA կործանիչի հիմքում ընկած է լինելու ռուսական Т–50–ը, նոր ինքնաթիռը ստեղծվելու է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի պահանջներին համապատասխան ։ Այժմ այդ պահանջների ցուցակը մշակվում է երկրի ռազմաօդային ուժերի կողմից։ 250 կործանիչները Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար կարժենան 25 միլիարդ դոլլար, կամ յուրաքանչյուր ինքնաթիռի համար 100 միլիոն դոլլար։

Օգոստոսի 31–ին «Сухой»–ը, որը զբաղվում է Т-50–ի ստեղծմամբ, իրականացրեց ինքնաթիռի նախատիպի ցուցադրական թռիչք Հնդկաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության համար։ Թռիչքը տեղի ունեցավ «Ռամենսկոյե» օդանավակայանում և տևեց 10 րոպե։ Թռիչքը իրականացվեց ցածր արագությամբ, ինչպես նաև կատարվեցին մի քանի մանևրումներ հարձակման մեծ անկյուններով։ Ավելի ուշ հնդկական ԶԼՄ–ները հայտարարեցին, որ Հնդկաստանի պատվիրակությունը գոհ է մնացել։
 

Ռուսաստանն ու Հնդկաստանը կստեղծեն հինգերորդ սերնդի կործանիչ