Ազգային ժողովն ընդունեց «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրինագծերը

12:38 • 22.12.10

Ազգային ժողովի այսօր սկսված նիստի սկզբում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց աղմկահարույց «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերը: Նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին 69 «կողմ», 1 «դեմ» և ոչ մի «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:

Նախագիծը քվեարկության դնելու ժամանակ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով պատգամավորներին չմասնակցել ներկայացված նախագծերի քվեարկությանը: «Բարեկամներ, կարծում եմ, մեր փաստարկները նորից հնչեցնելու կարիք չկա: Մի քվեարկեք ընդհանրապես, որովհետև երբ ամբողջությամբ, թափանցիկությամբ չես տեսնում վտանգավոր հետևանքները, իսկ դրական հետևանքներն առանձնապես չերևացին, որովհետև ոչ մի խոստում հստակ չեղավ, թե վերջում ինչ դրական բան է լինելու սրանից, խորհուրդ եմ տալիս չքվեարկել այս նախաձեռնությանը»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Հայտարարության իրավունք խնդրեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն ԱԺ նախագահն ասաց, որ ինքն արդեն հայտարարել է քվեարկությունը սկսելու մասին: Այնպես որ, Սաֆարյանը չհասցրեց հայտարարություն անել:

Հիշեցնենք, որ նշված նախաձեռնություններով նախատեսվում է Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ:

Ինչպես հայտնի է, դեռևս մայիսից ներկայացված նախագծերն առաջացրել էին հասարակության որոշ շերտերի դժգոհությունը, հատկապես նախագծերի դեմ բողոքի ակցիաներով էր հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը:

 

Ազգային ժողովն ընդունեց «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրինագծերը